Կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը

17.11.2026

Ավելի քան 60 տարի անց Երևանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցները համալրվում են նոր՝ շուրջ 30 ռոյալներով։ Երևանի ավագանու որոշմամբ երաժշտական գործիքները սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են մշակութային օջախներին: 
Նախագիծն այս, մեծապես կնպաստի Երևանում գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, մանուկների և պատանիների արտադպրոցական կրթության և գեղագիտական դաստիարակության շարունակական զարգացմանը, երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող կրթական ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև կարևոր դեր կխաղա մշակութային կրթության գրավչության մեծացման, շնորհալի և օժտված երեխաների երաժշտական ունակությունների բացահայտմանն ու զարգացմանը:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները հատուկ տարածք տեղափոխելու կամ դրանք այնտեղ պահելու և հաշվառելու կարգը: 
Եթե հատուկ տարածք տեղափոխված` սույն կետում նշված գույքի մասին ոստիկանությանը հայտնելու պահից հետո վեց ամսվա ընթացքում գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ այլ գույքային իրավունքներ ունեցող անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտնել ոստիկանությանը կամ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այն դառնում է համայնքի սեփականությունը:
Նախագծի ընդունմամբ համայնքը կունենա հստակ գործիքակազմ՝ ազատելու տարիներ շարունակ որոշ քաղաքացիների կողմից զբաղեցրած հանրային տարածքները: Դրանք կծառայեն նպատակին՝ հավասար պայմաններ ապահովելով բոլոր քաղաքացիների համար: Բացի այդ, Երևանի քաղաքային միջավայրը կդառնա ավելի մաքուր ու անվտանգ: 
***
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 22-ին:

Լուսանկարներ