Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի՝ նորանշանակ կազմով առաջին նիստը
Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նորանշանակ անդամներին իր ողջույնի խոսքը հղեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը` շնորհավորելով Խորհրդի կազմում ընգրկվելու կապակցությամբ:
Խորհրդի անդամներին ներկայացվեց «Երևանի զարգացման 2026 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին», «Երևան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Երևան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծերը, որոնք պետք է դրվեն հանրային քննարկման:
Խորհրդի անդամները մեծ ոգևորությամբ և հիացմունքով իրենց մասնակցությունն ունեցան օրակարգային հարցերի քննարկմանը, և որոշում կայացվեց միաձայն քվեարկությամբ նախագծերը 2025 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 02-ը ներառյալ ներկայացնել հանրային քննարկման, որի ընթացքում՝ նոյեմբերի 27-ին` ժամը 15:00-ին, կանցկացվի հանրային բաց լսում:
Մասնակցության համար բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ:
2025 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 02-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով: