«Կոչ եմ անում բոլոր այն վարձակալներին, որոնք այգիներն անմխիթար վիճակում են թողել, իրենց կամքով գան և լուծեն պայմանագրերը». Տիգրան Ավինյան
Տեղումների ծավալը գերազանցում է նորմը, որի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր: «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ-պռատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը:
Հստակեցվել է նաև վարչական շրջանների բակային տարածքներում գործող և շարքից դուրս եկած հեղեղատար համակարգի վիճակը: Բակային տարածքների հեղեղատար համակարգը գործում է մոտ 40 տոկոսով, բազմաբնակարան շենքերն սպասարկողը մեծամասամբ նպատակին չի ծառայում: Մայրաքաղաքի 29 հասցեում (18,8 կմ-ոց) հեղեղատար համակարգը բացակայում է, առկա է կառուցելու անհրաժեշտություն, միևնույն ժամանակ 7,2 կմ-ոց հատվածում էլ համակարգը պետք է վերակառուցել:
Նշվեց, որ մոտ 28 կմ-ոց հեղեղատար համակարգ կառուցվել է ճանապարհաշինական նոր ծրագրերի ընթացքում:
«Մենք «Վեոլիա Ջրի» հետ քննարկել ենք խնդիրը, ընկերությունը պետք է բարելավի սպասարկումը»,-ընդգծել է Արեյանը և հավելել, որ նրա հետ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատվել:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի քանակի տեխնիկական միջոցներ, ինչը հնարավորություն կտա համապատասխան աշխատանքներ կատարել:
***
Աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է: 18.5 խմ տարողությամբ «Կամազ» մակնիշի նոր մեքենաներն անցել են աշխատանքի: Աղբահանությունն ավելի կառավարելի դարձնելու նպատակով նախատեսվում է աշխատանքներին հետևել GIS համակարգով: Աղբամանները թվայնացնելու փուլն արդեն ավարտվում է:
***
Առաջիկա օրերին միջին նորոգման աշխատանքներ են սկսվելու Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցում, Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան փողոցում: Մայրաքաղաքի մի շարք հասցեներում աշխատանքներն ավարտված են: Փոսային նորոգում է կատարվում Շենգավիթ, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Քաղաքապետը հանձնարարել է քաղաքացիներից ստացված ահազանգերը ևս համարել առաջնային:
***
Շարունակվում է ջերմոցատնկարանային վարչության ընդլայնման գործընթացը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կարևոր է զարգացնել լաբորատոր կարողությունները:
«Մենք այս մակարդակում նվազագույնը պետք է վստահ լինենք, որ փոքր տնկիներն առողջ են և համապատասխանում են սպասելիքներին: Մենք պետք է վստահ լինենք, որ ապագայում «տնային պայմաններում» չենք ստանում վերջնարդյունքը»,- նշել է քաղաքապետը:
***
Երևանյան լճի տարածքում տնկվել է 130 արժեքավոր ու հասուն ծառատեսակ և 2150 թփատեսակ: Լճի ամբողջ տարածքը մաքրվել է:
***
Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում՝ անմխիթար վիճակում հայտնված վարձակալությամբ տրամադրված այգիները համայնքին վերադարձնելու համար: Ի դեպ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարակից այգին ևս վարձակալված է:
«Սա այն կարևոր խնդիրներից է, որին պետք է անդրադառնանք: Շատ կանաչ տարածքներ, այգիներ, որոնք նախկինում վարձակալության են տրվել խրթին իրավական գործընթացների պատճառով, անմխիթար վիճակում են: Երևանցիները մեզանից են պահանջում այդ խնդրի լուծումը, մենք գնում ենք այդ լուծմանը: Ես կոչ եմ անում բոլոր այն վարձակալներին, որոնք այգիներն անմխիթար վիճակում են թողել, պարզապես իրենց կամքով գալ և խզել պայմանագրերը, որովհետև վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: Մենք մեր առջև դրած խնդիրը լուծելու ենք: Երբ խոսքը հանրային շահի մասին է՝ չի կարող որևէ այլ իրավական հիմնավորում լինել հակառակ գնալու համար: Ինձ համար սա տարօրինակ և անընկալելի է»,- շեշտել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Լուսանկարներ