Մալաթիա-Սեբաստիայի վարդավառյան հիմնական միջոցառումը`Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Վարդավառին նվիրված հիմնական միջոցառումը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էր: Առավոտյան` Սուրբ պատարագից հետո մեկնարկել է գեղարվեստական մասը: Համերգային ծրագրով ելույթ են ունեցել վարչական շրջանի համույթները: Զուգահեռաբար, իր տարերքի մեջ է մտել տոնի ջրային բաղկացուցիչ ջրախաղը` հարակից կայանված ջրցան մեքենաներով: Ավանդական ջրոցին առաջին հերթին ոգևորել է երեխաներին, ովքեր նախապես նաև դույլեր էին ստացել:
Հիշեցնենք, որ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը: Տոնի առիթով Սուրբ պատարագ է մատուցվում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում: Իսկ միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը 5000 տարվա պատմություն ունի: Վարդավառի տոնը կապվում է նաև Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, իսկ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտվում է իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող արարողություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն