Մարզաառողջարանային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպման ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 19-ից

29.05.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 19-ից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին:

Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները շարունակել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրությունները: Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու անակնկալ ստուգումները:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետին հանձնարարվել է նաև հսկողություն սահմանել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում 2016-2017 ուսումնական տարվա ավարտական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ