Մայրաքաղաքի ջրային կառույցների վերագործարկումից առաջ մեկնարկել են նոր տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները

31.03.2023

2023թ. ընթացքում երևանյան ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների անխափան գործունեությունն ապահովելու համար մեկնարկել են տարեշրջանի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս օրերին Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ մասնագետները քաղաքի տարբեր հատվածներում ստուգում են շատրվանների ու նմանատիպ կառույցների էլեկտրասնուցումը, փորձարկում ջրասնուցման և ջրահեռացման համակարգերը, ջրամղիչ հանգույցները, նորոգում կամ փոխարինում  խողովակաշարեր, սողնակներ, փականներ: Բացի այդ, փոխարինվելու են պոկված սալիկներն ու նորոգվելու են եզրաքարերը, հղկվելու և թարմացվելու են ջրավազանների պատերն ու հատակները:  
Տարվա ընթացքում արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ: 
2022թ. մեկնարկած՝ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի, «Երևանի 2750-ամյակի», մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքի, Նոր Նորքի գեղարվեստական շատրվանների, «Շողակաթ» հ/ը հարակից և Գ․ Նժդեհի հրապարակի շատրվանների պոմպակայանների  վերանորոգումն ավարտվել է, պոմպերը, էլսարքավորումները և սողնակներն ամբողջովին փոխարինվել են նորերով, փորձարկման  աշխատանքները ավարտվել  են։
Տարեշրջանի մեկնարկը տրվելու է  մայիսի 1-ին և ավարտվելու է հոկտեմբերի 31-ին։ «Ջրային Կառույցների» ՓԲ ընկերության կողմից  շահագործվելու է 39 ջրային կառույց (29 շատրվան, 8 ջրավազան և ջրամբար)։ 
Որպես պարտադիր բաղադրիչ՝ շաբաթական մեկ անգամ բոլոր շատրվաններն ու ջրավազանները կդատարկվեն, կմաքրվեն, կլվացվեն  և նորից կջրալցվեն։
Պարտադիր բնույթ է կրելու նաև քլորացումը: 
Մայրաքաղաքի ջրային կառույցները գործելու են 8-10-ժամյա ժամանակացույցով:։ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը՝ ժ. 8։30-ից՝  23։00-ն։ 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին