Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներն այցելել են ԼՂՀ գործընկեր 7 շրջաններ և համայնքներ, հանդիպել վարչակազմերի, նաև գործընկեր համայնքների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն ամփոփել են մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հատկանշելով համագործակցության շրջանակում բնակչության համար առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերը պայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց ուրույն նպաստը կբերեն ԼՂՀ շրջանների և համայնքների զարգացմանը:
Հարկ է նշել, որ Աջափնյակ վարչական շրջանը համագործակցում է Շուշի քաղաքի, Ավան վարչական շրջանը՝ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի և Ճարտար քաղաքի, Արաբկիր վարչական շրջանը՝ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի և Մարտունի քաղաքի հետ, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանները՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի և Մարտակերտ քաղաքի հետ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն էլ համագործակցում են ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի և Հադրութ քաղաքի հետ, իսկ Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանները՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի հետ: ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի հետ փոխգործակցում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի հետ, իսկ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանը համագործակցում է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:
Այցերի ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարներն Արցախի գործընկերների ուղեկցությամբ այցելել են նաև կրթական և մշակութային հաստատություններ, հանդիպել աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Այնուհետ վարչական շրջանների ղեկավարներն այցելել են զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն