Մայրաքաղաքում բացվել է «Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրը

20.02.2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքում «Երևան Մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը: Համալիրի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Երևան Մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանին: Այնուհետ նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի և Վազրիկ Սեկոյանի ուղեկցությամբ շրջել է նորակառույց համալիրի հարկաբաժիններով, ծանոթացել պայմաններին ու զրուցել աշխատակիցների հետ: Նշվել է, որ համալիրի կառավարման գծով խորհրդատուն «Տրիգրանիտ» մասնագիտացած ընկերությունն է, որն իր ճանաչումով 3-րդ անշարժ գույքի կառավարման և զարգացման ընկերությունն է ողջ Եվրոպայում և իրականացրել է ավելի քան 20 հաստատությունների զարգացման ու կառավարման խորհրդատվություն եվրոպական երկրներում։
Հանրապետության նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 59900 քմ ընդհանուր տարածքով առևտրի և զվարճանքի կենտրոնը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեկ հարկի տակ ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը: Վազրիկ Սեկոյանը նաև ընդգծել է, որ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել ճարտարապետական լուծումների հարցում: Առևտրի և զվարճանքի կենտրոնի ներքին դիզայնում կարելի է տեսնել ուրարտական ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններ: Շենքի ճարտարապետական նախագծերը մշակվել և իրականացվել են «Բրոդվեյ Մալյան» հանրաճանաչ միջազգային կազմակերպության և «Արխանգել» ճարտարապետական ընկերության կողմից։ Նաև նշվել է, որ «Երևան Մոլ»-ի հարկի տակ ներկայացված են 120 խանութներ և որ ստեղծվել է շուրջ 2000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն։ Բացի այդ Հանրապետության ղեկավարին տեղեկացվել է, որ ամռանը «Երևան Մոլ»-ի հարկի տակ շահագործման կհանձնվի նաև Հայաստանում նախադեպը չունեցող ամենամեծ զվարճանքի կենտրոնը: Երևանում բացված նոր բազմաֆունկցիոնալ համալիրը գործելու է ամեն օր ժամը 10.00-ից 22.00-ը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին