Մայրաքաղաքում բացվել է «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ը
Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությանը: Բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը:
Երևանի Զաքարիա Քանաքեռցու 1 հասցեում գտնվող, 5000քմ տարածք զբաղեցնող՝ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի շենքը միությանը նվիրաբերել է բարերար Վահե Կարապետյանը: Նախատեսված է, որ կենտրոնը կդառնա հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀԲԸՄ-ի առաքելության գործնականացման, Հայաստանում նրա ընդլայնվող ներկայության և գործունեության, ինչպես նաև սփյուռքահայ ու հայաստանաբնակ երիտասարդների միջև կապերի սերտացմանը նպաստող հայաստանակենտրոն ծրագրերի իրականացման կարևոր օջախ և կամուրջ: Այստեղ կիրականացվեն երիտասարդական, մշակութային և կրթական տարաբնույթ ծրագրեր, կկազմակերպվեն աշխատաժողովներ ու հանդիպումներ:
Կենտրոնն իր հարկի տակ կհյուրընկալի նաև ՀԲԸՄ-ի ամենամյա ամառային ծրագրերի մասնակից ու տարբեր երկրներից ժամանող հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների և դպրոցական խմբերի:
Կենտրոնի բացման արարողության շրջանակներում ՀԲԸՄ-ի կողմից Վահե Կարապետյանին շնորհվել է Միության բարերար-անդամի կոչում: Բարերարը պարգևատրվել է նաև ՀԲԸՄ ոսկե մեդալով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն