Մայրաքաղաքում կանցկացվի Street Music's Day խորագրով երաժշտական միջոցառում

19.05.2016

 ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 21-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի Street Music's Day խորագրով երաժշտական միջոցառում: Հրավիրված ասուլիսի ժամանակ միջոցառման մանրամասները ներկայացրել են ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը և Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությանը՝ դեսպանը հատկանշել է, որ մասնավորապես այս միջոցառման անցկացման գաղափարը միանգամից էլ արժանացել է Երևանի քաղաքապետի հավանությանը:

 «Ես իսկապես ուրախ եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միանգամից հավանություն տվեց Երևանում այս միջոցառման անցկացմանը: Նշեմ, որ այս տարին յուրահատուկ է մեր երկու երկրների համար, քանզի Հայաստանը և Լիտվան նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Սա յուրովի անդրադարձ կլինի նաև այդ հոբելյանին, առավել ևս, որ Լիտվան աշխարհի առաջին երկիրն է եղել, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը»,- նշել է դեսպանը:
 Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ, ներկայացնելով միջոցառման մանրամասները, նշել է, որ մայիսի 21-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում ելույթ կունենան տարբեր երաժշտական խմբեր ու անհատներ:
 «Մայիսի 21 ին՝ ժ. 16:00-20:00-ն միջոցառումը կանցկացվի Հյուսիսային պողոտայի նախապես ձևավորված 10 հարթակներում, իսկ ժ. 20:00-ից Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա պաշտոնական մասը` հայ և լիտվացի նշանավոր երաժիշտների մասնակցությամբ գալա համերգը», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
 Ի հավելումն՝ Էրիկաս Պետրիկասը նաև նշել է, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել միջոցառմանը՝ նախապես գրանցվելով, և ի ցույց դնել իրենց երաժշտական ունակությունները:
 Ի դեպ, Street Music's Day միջոցառումը Լիտվայում անցկացվում է արդեն 10-րդ տարին և մեծ ժողովրդականություն է վայելում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ