Մայրաքաղաքում շարունակվում է բակային տարածքների նկարազարդման ծրագիրը
Երևանի պատշաճ տեսքի ապահովմանը միտված լայնածավալ աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բնակիչների կողմից առանձնակի սիրով ընդունվեց բակային տարածքների նկարազարդման ծրագիրը: Հաշվի առնելով նրանց դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2015 թվականի ծրագրերում ևս ընդգրկվեց բակային տարածքներում յուրօրինակ լուծումներով նկարազարդումները:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, նկարազարդումը շարունակվում է բոլոր վարչական շրջաններում: Տարեսկզբից ի վեր նախատեսված 280 բակային տարածքներից 217-ում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Յուրօրինակ այս մոտեցման շնորհիվ թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում առկա բոլոր անշուք պատերը, այլև՝ ավտոտնակները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն