Մայրաքաղաքում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ծրագիր

02.07.2016

Հարգելի համաքաղաքացիներ,

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, բոլորին հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք, որտեղ նախատեսված է Վարդավառ 2016-ի երկժամյա մեծ միջոցառումը:

Իսկ ողջ օրվա ընթացքում Երևանի 12 վարչական շրջաններում կանցկացվեն Վարդավառի տոնին նվիրված թեմատիկ մի շարք միջոցառումներ:

1. Աջափնյակ վարչական շրջանում ժամը 12:00-ին «Արմենիա» ԲԿ-ին հարող պուրակի լողավազանային տարածքում տեղի կունենա մեծ միջոցառումը: Բացի այդ, միջոցառումներ կանցկացվեն նաև Հալաբյան փ. 21-23 հասցեների բակի լողավազանի տարածքում, ինչպես նաև 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի բակերում:
2. Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Պայծառակերպության տոնին նվիրված, իսկ 13:00-ից Ավանի Ընտանիքի այգում, ինչպես նաև Իսահակյան,Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կկազմակերպվեն տոնին համահունչ ջրախաղի միջոցառումներ:
3. Արաբկիր վարչական շրջանում վաղ առավոտից՝ ժամը 08:00-ից, տեղի կունենա արձանների լվացում և ջրցան մեքենաների շրջայց՝ վարչական շրջանի որոշ բակերում, երեխաներին կբաժանվեն ջրային խաղալիքներ և դույլեր:
4. Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգում ժամը 12:00-ին տեղի կունենա «Խաղ-ջրոցի» խորագրով միջոցառում:
5. Էրեբունի վարչական շրջանի թաղամասերում ժամը 12:00-ից կմեկնարկեն տոնական միջոցառումները:
6. Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Զորավոր եկեղեցու բակում ժամը 17:30-ին Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեղի կունենա համերգային ծրագիր։
7. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ժամը 13:00-ին տեղի կունենա տոնական միջոցառում՝ պարային մի շարք համույթների մասնակցությամբ համերգային ծրագիր, բացի այդ նաև երեխաներին կբաժանվեն ջրային խաղալիքներ ու դույլեր, որից հետո կանցկացվի ջրախաղ:
8. Նոր Նորք վարչական շրջանում առավոտյան ժամը 08:00-ից տեղի կունենա ջրցան մեքենաների շրջայց վարչական շրջանի տարբեր բակերով և կենտրոնական փողոցներով: Իսկ ժամը 12:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, կկայանա տոնական մեծ արարողություն՝ ջրի օրհնության կարգով և հաջորդող ջրախաղով:
9. Նորք-Մարաշ վարչական շրջանում առավոտյան ժամը 08:00-ից տեղի կունենա ջրցան մեքենաների շքերթ, իսկ ժամը 13:00-ից տոնածիսական արարողություն՝ Նորքի 7-րդ, 15-րդ և 17-րդ փողոցներում:
10. Նուբարաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցում ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո վարչական շրջանի կենտրոնական փողոցներում և բակերում կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ, այդ թվում հուշարձանների լվացում, դույլերի բաժանում և ջրախաղ:
11. Շենգավիթ վարչական շրջանի գլխավոր փողոցներում ժամը 11:00-15:30 կանցկացվի ջրցան մեքենաների շքերթ, որից հետո ժամը 13:00 Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում՝ տոնական համերգային ծրագիր և ջրախաղ։
12. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վաղ առավոտից՝ ժամը 08:00-ից տեղի կունենա արձանների լվացում, ժամը 12:00-13:00՝ ջրցան մեքենաների շրջերթ վարչական շրջանի բակերում, երեխաներին կբաժանվեն դույլեր, իսկ ժամը 12:00-14:00 Դավիթ Անհաղթի պուրակում կանցկացվի «Խաղ-ջրոցի» խորագրով միջոցառումը:

Բոլորին մաղթում ենք տոնական հաճելի և անմոռանալի օր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ