«Մեր ամենակարևոր առաջնահերթություններից մեկը ֆիսկալ ապակենտրոնացումն է, եթե ուզում ենք ունենալ ուժեղ համայնքներ». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Միաձայն խոսելով ապակենտրոնացման բարեփոխումների շուրջ» համայնքային ֆորումին: «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ «ԴեաԼոԳ» ծրագրի շրջանակում կյանքի կոչվող նախաձեռնությունն առաջին անգամ անցկացվում է Հայաստանի համայնքների միության հետ համատեղ: Ֆորումի այս տարվա թեման համայնքների միաձայն խոսքն է ապակենտրոնացման բարեփոխումների շուրջ:
Ելույթի իր խոսքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ապակենտրոնացումը չի կարող սահմանափակվել միայն իրավական կամ վարչական փոփոխություններով․ այն պետք է վերածվի իրական քաղաքականության, որի արդյունքը քաղաքացին տեսնում է իր համայնքում՝ ավելի որակյալ ծառայությունների, ավելի արդյունավետ կառավարման և ավելի պատասխանատու իշխանության տեսքով։ «Համայնքների լիազորությունները պետք է ուղեկցվեն իրական ռեսուրսներով և ինստիտուցիոնալ կարողություններով։ Երբ լիազորությունները չեն ուղեկցվում ֆինանսական հնարավորություններով, ապակենտրոնացումը դառնում է ձևական գործընթաց։ Իսկ երբ համայնքները ունեն անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ, նրանք դառնում են պետության իրական գործընկերներ՝ ոչ թե պարզապես վարչական ստորաբաժանումներ։ Հենց այստեղ է, որ համայնքների միասնական ձայնը ձեռք է բերում իրական քաղաքական նշանակություն։ Մենք պետք է կարողանանք ոչ միայն արձագանքել ընդունվող որոշումներին, այլև ձևավորել քաղաքական առաջարկներ՝ գնահատելով դրանց ազդեցությունը համայնքների ֆինանսների, կառավարման կարողությունների և քաղաքացիների կյանքի վրա։ Մեր առաջնահերթություններից մեկը ֆիսկալ ապակենտրոնացումն է։ Եթե ուզում ենք ունենալ ուժեղ համայնքներ, ապա պետք է ապահովենք կանխատեսելի եկամտային բազա, արդար բաշխման մեխանիզմներ և այնպիսի ֆինանսական գործիքներ, որոնք հնարավորություն կտան համայնքներին իրականացնել իրենց զարգացման ծրագրերը»,- նշել է քաղաքապետը: Այս գործընթացում քաղաքապետ Ավինյանը կարևորել է միջազգային գործընկերությունները՝ նշելով, որ միջազգային փորձն արժեքավոր է հատկապես այն ժամանակ, երբ այն վերածվում է գործնական լուծումների՝ օգնելով համայնքներին դառնալ ավելի արդյունավետ, ավելի կայուն և ավելի մրցունակ։
«Այսօրվա ֆորումը հենց այդ նպատակն ունի՝ համադրել համայնքների փորձը, ձևավորել հստակ առաջնահերթություններ և առաջ մղել այնպիսի քաղաքական առաջարկներ, որոնք կուժեղացնեն տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում։ Ես ակնկալում եմ, որ այսօրվա քննարկումները կհանգեցնեն երեք կարևոր արդյունքի. համաձայնության կգանք այն հիմնական թեմաների շուրջ, որոնց վերաբերյալ համայնքները հանդես կգան միասնական դիրքորոշմամբ, ֆիսկալ ապակենտրոնացման քննարկումը կտեղափոխենք գործնական դաշտ՝ վերածելով այն հաշվարկված քաղաքական առաջարկների, և կարձանագրենք, որ Հայաստանի համայնքների միությունը պատրաստ է լինել այն ինստիտուտը, որը ոչ միայն ներկայացնում է համայնքներին, այլև ուժեղացնում է նրանց»,- ընդգծել է քաղաքապետը:
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Էվա Սունդքուիսթը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը, «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի գործադիր տնօրեն Ռայան Նոքսը: Ֆորումի բացման արարողությանը հաջորդել են պանելային քննարկումները:
Լուսանկարներ