«Մեր աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն է. GIS համակարգի տվյալների մեծ մասը հասանելի կլինի նաև մարդկանց համար». Տիգրան Ավինյան
Շուրջ մեկուկես տարի առաջ Երևանի քաղաքապետարանում ներդրվեց տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը: Երևանի համար ընտրվեց աշխարհի զարգացած քաղաքների մեծ մասում կիրառվող առաջատար ընկերության ստեղծած, որից հիմա օգտվում է 28 ստորաբաժանում, 150 օգտատեր, ընդհանուր առմամբ ստեղծվել են շուրջ 800 շերտեր և հարթակներ:
Համակարգի միջոցով հնարավոր է դարձել նաև հասարակական տրանսպորտի շարժակազմերում տեղադրված տեսախցիկներից ստացված տեսապատկերների արհեստական բանականության կիրառմամբ վերլուծությամբ իրականացնել փողոցների արտաքին շերտի թերությունների և կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտների բացահայտում, քարտեզագրում և տվյալների ներառում GIS հարթակ:
GIS համակարգում փորձնական կիրառվել է նաև քաղաքային պլանավորման համար նախատեսված URBAN մոդուլը՝ իրական խնդիրներ լուծելու նպատակով: Մասնավորապես, ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ իրականացվել է Դավթաշեն-Արաբկիր վարչական շրջանները կապող կամուրջ կառուցելու իրագործելիության նախնական գնահատման (feasibility study), տվյալահեն միջավայրի ստեղծումը:
«Հաջորդ տարվա ընթացքում գրեթե մեր բոլոր ստորաբաժանումները պարտավոր են լինելու աշխատել GIS համակարգով: Սա նրա համար է պետք, որ կարողանանաք մեկ միասնական համակարգում տարբեր շերտերում ունենալ տարածատեղեկատվական տվյալներ: Այս տվյալները, որ մենք ունենք, միայն քաղաքապետարանի անձնական օգտագործման տվյալները չեն, այս տվյալների մեծ մասը մենք դարձնելու ենք հասանելի նաև մարդկանց համար: Մեր աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն է»,- նշել է քաղաքապետը:
***
Երևանի գլխավոր հատակագծում Հրազդանի կիրճն ամրագրվել է որպես հատուկ պահպանման գոտի: ԱԶԲ աջակցությամբ մշակվում է վերականգնվող գոտու հայեցակարգ և կառավարման պլան: Ընդ որում, ծրագիրը ներառում է նաև Երևանյան լճի տարածքը, դրա սեյսմիկ գնահատումն ու ջրամբարի տիղմի մաքրումը:
Նշենք, որ Հրազդան կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառվող օրենքի փոփոխության նախագիծը դեռևս քննարկման փուլում է:
***
Երևանյան կանգառասրահներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակներ: 35 կանգառասրահում դրանք արդեն իսկ առկա են, իսկ մինչև տարեվերջ 42 կանգառներում այս ծառայությունը հասանելի կդառնա ուղևորներին:
***
Երևանի տրոլեյբուսային հավաքակազմը կհամալրվի ևս 45 նոր շարժակազմով. տրոլեյբուսների մատակարարումը նախատեսվում է մինչև 2026թ. ապրիլ-մայիս ամիսները:
***
2025թ. Երևանի կենդանաբանական այգում իրականացվել են ինչպես ընդհանուր օգտագործման հանրային տարածքի և ենթակառուցվածքների բարեկարգման, այնպես էլ կենդանիների բարեկեցությունն ապահովելու միջոցառումներ։ Կառուցվել են նոր ազատավանդակներ:
***
Երևանի ենթակայության դպրոցներում «խելացի» սարքավորումների՝ հեռախոսների, ժամացույցների, պլանշետների սահմանափակման միասնական մոտեցման ներդրման ծրագիրը քննարկվել և հավանության է արժանացել բոլոր՝ 151 դպրոցների խորհրդակցական և կառավարման մարմինների կողմից։
***
Ձմռան ամիսների համար մշակվել և հաստատվել է ձնամաքրման ու սանմաքրման գործողությունների ամբողջական պլանը։ Իրականացվել է անհրաժեշտ միջոցների բաշխումը․ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ընդհանուր առմամբ նախատեսված է 241 միավոր տեխնիկա, որոնցից 216-ը պատկանում է ԵԱՍՄ համայնքային հիմնարկին, իսկ 25-ը՝ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ին։ Աշխատուժի առումով աշխատանքներում կներգրավվի 614 աշխատակից, որոնցից 339-ը՝ ԵԱՍՄ հիմնարկի, իսկ 275-ը՝ կանաչապատման ծառայության աշխատակիցներ:
Վարչական շրջանները կշարունակեն տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ Երևանի ավագանու սահմանած կարգը պահպանելու վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:
***
Երևանի արևելյան և հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանց կառուցելու այս տարվա ծրագրով նախատեսված էր 24.7 կմ գազատարի կառուցում՝ 12 փողոցներում: Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված են ինը փողոցներում՝ 17.1 կմ երկարությամբ, վերջին աշխատանքներն են ընթանում Վարդաշենում։ Ծրագիրը կունենա շարունակություն 2026թ. 7.5 կմ ներառյալ Նոր Խարբերդ թաղամասը՝ բաշխիչ ցանցով 50 կմ։ 2026թ. Երևանում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, ինչը չի ունեցել քաղաքը երբևէ, բացի առկա այն արտաքաղաքային երեք գազաբաշխիչ կայաններից և մեկը՝ Նուբարաշենում։
***
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2025թ. իրականացված շուրջ 80 նախագծերով 41.2 կմ երկարությամբ նոր մալուխագծեր է անցկացրել: Ավարտվել է 40 բաշխիչ ենթակայանների վերանորոգումը: Ներդրումային ծրագիրը կշարունակվի նաև 2026թ.: 26 կմ երկարությամբ նոր մալուխագծեր անցկացնելու համաձայնությունն արդեն տրված է: Ծրագիրը կընդլայնվի:
***
2025 թվականից աննախադեպ ծավալի աշխատանքներ են մեկնարկել նաև ջրամատակարարման որակը բարելավելու նպատակով: ՀՀ ջրային կոմիտեի կողմից 118 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիր է իրականացվում չորս վարչական շրջաններում՝ մասնավոր տնատիրությունների համար: Գործընթացը շարունակվում է: 2026թ. նախատեսվում է մեկնարկել 91.6 կմ՝ յոթ վարչական շրջաններում: Այս երկու ծրագրերի իրագործմամբ ակնկալվում է ունենալ ավելի քան 200 կմ-ոց ջրամատակարարման բարելավված նոր ցանց: Հարկ է նշել նաև, որ 2023թ. վերջին մեկնարկած ծրագրով պետություն-համայնք գործակցության շնորհիվ մասնավոր տնտատիրությունների 50 %-ից ավելին կունենա հուսալի և որակյալ ջրամատակարարում: Միևնույն ժամանակ ծրագիրը կհանգեցնի ջրի ֆիզիկական կորուստների նվազեցման:
***
Ընթացիկ տարում կառավարության աջակցությամբ Երևանի 22 հասցեներում իրականացվել է ջրահեռացման համակարգի ներդրումային ծրագիր: Գործընթացը 21 հասցեներում ամբողջությամբ ավարտված է:
Ջրահեռացման համակարգում այս պահի դրությամբ 58 կմ նոր կոյուղատար համակարգ է կառուցվել: Միայն 2023-2025թթ. 46.7 կմ «Վեոլի ջուր» - քաղաքապետարան համատեղ ծրագրերով, միայն Երևանի քաղաքապետարանի միջոցներով՝ 35 կմ: Երևանը համայնք դառնալուց հետո՝ 2009թ.-ից ի վեր առաջին անգամ է իր միջոցներից 2.8 մլրդ դրամ ներդրմամբ իրագործում կոյուղատար ցանցի բարելավման ծրագիր, այն դեպքում, երբ այդ ամբողջ գույքը պետական սեփականություն է և հանձնված է մասնավորի կառավարմանը:
Լուսանկարներ