«Մեր ընդհանուր մոտեցումն է բաց, թափանցիկ, հասանելի ու հաշվետու լինել հասարակության և գործարար շրջանակների համար». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամներին:
Որպես քաղաքային ներդրումային միջավայրի զարգացման հարթակ՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ակումբի հետ գործակցությունն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը:
Այսօր ակումբը միավորում է ավելի քան 800 գործարարների, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ և գործում են աշխարհի 24 քաղաքներում։ Այն հանդիսանում է հայկական խոշորագույն բիզնես նեթվորքներից մեկը՝ նպաստելով նոր համագործակցությունների, ներդրումային նախագծերի և միջազգային գործարար կապերի ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Կառուցապատող ընկերություն ընտրելու համար կարևոր այս նախագծերն, ի դեպ, առաջիկայում կդրվեն մրցույթի: Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի (https://gis.yerevan.am/)՝ ներդրումային ծրագրերի հարթակում և Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում:
Անդրադառնալով ներդրված թվայնացման գործիքներին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ընդհանուր մոտեցումն է բաց, թափանցիկ, հասանելի ու հաշվետու լինել հասարակության ու գործարար շրջանակների համար:
Քաղաքապետը նաև նկատել է, որ «Մանթաշյանց»-ի փորձառությունն ու լայն միջազգային ցանցը կարող է կարևոր դեր ունենալ քաղաքային նախագծերի պլանավորման, ներդրումների ներգրավման և համագործակցության նոր ձևաչափերի զարգացման գործում: