«Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ՝ բոլորի համար». քաղաքապետ Տիգրան Ավինյան

29.04.2025

«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության շրջանակում  Երևանի հրապարակի մետրոյի գետնանցումում տեղադրվել է հերթական դեֆիբրիլյատորը: Նախաձեռնության նպատակն է սրտի հանկարծակի կանգի դեպքում բարձրացնել փրկվելու հավանականությունը՝ ապահովելով ճիշտ գործիքներ, տեխնոլոգիաներ և վերապատրաստված կամավորներ։ 
Ծրագիրն այս մասնավոր-պետական համագործակցության հաջողված օրինակ է, որը նպաստում է նոր քաղաքային կառավարման մշակույթի ձևավորմանը՝ ընդգրկելով թե՛ անհատներին, թե՛ կազմակերպություններին:
«Երևանի քաղաքապետարանը, «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է  դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում: Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։ Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր նախաձեռնության հաջողությանը։ Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ՝ բոլորի համար»,- նշել է քաղաքապետը։
«Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին՝ «ՀԵՆԱՐ» և «Philips Foundation» հիմնադրամների և Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության նշանակալի աջակցությամբ։
«Այս պահին տեղադրված է 20 դեֆիբրիլյատոր, և մոտակա երկու շաբաթվա ընթացքում կտեղադրվի ևս 30-ը։ Մենք արդեն ունենք շուրջ 500 վերապատրաստված կամավոր, իսկ մինչև տարվա վերջ նախատեսում ենք այդ թիվը հասցնել 2000-ի՝ ստեղծելով անհրաժեշտ քանակությամբ կամավորների ցանց»,- նշել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը:
 

Տեսանյութ

«Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ՝ բոլորի համար». քաղաքապետ Տիգրան Ավինյան
Տեսնել ավելին