Միջոցառում՝ նվիրված Հակվածության միջազգային օրվան
Մարտի 27-ը աշխարհում հռչակվել է «Բուժման հանդեպ հակվածության բարելավման միջազգային օր» և այդ նախաձեռնությանը միացել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը: Այս կարևոր գործընթացը հնարավոր եղավ կյանքի կոչել «ԼԵ ԼԱԲՈՂԱՏՈՒԱՂ ՍԵՂՎԻԵ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ, որով սկիզբ դրվեց արդի և շատ կարևոր փոխհամագործակցության: Միջոցառման նպատակն էր բարձրացնել բուժառուների իրազեկումը առողջական խնդրի և այն բոլոր բարդությունների վերաբերյալ, որոնք ի հայտ են գալիս բուժման հանդեպ ցածր հակվածության պատճառով: Միջոցառումը բացառիկ էր նաև այն հանգամանքով, որ համատեղվել էին ՀՀ առաջատար բժիշկների, բժշկական ասոցիացիաների և շահագրգիռ բուժառուների համատեղ ջանքերը: Պանելային քննարկման ժամանակ տրվեցին շատ կարևոր և անհրաժեշտ պատասխաններ, որից հետո, «Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի», «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի», «Շաքարախտի հայկական ասոցիացիայի», «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի», «Հայաստանի բուժքույրերի միավորման», ինչպես նաև «Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի» կողմից կատարվեցին զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում, դինամոմետրիա և տրամադրվեցին սիրտ-անոթային հիվանդությունների և առողջ ապրելակերպի վերաբերյալ կրթական նյութեր: Ծրագիրը կկրի շարունակական բնույթ, որի նպատակն է կրթել և լինել հետևողական՝ յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանման և բարդությունների կանխարգելման գործում: