Նոր կենդանատեսակներ, վերանորոգում և նոր նախագծեր. Երևանի կենդանաբանական այգու աշխատանքները 2022 թվականին միանգամից մի քանի ուղղությամբ էին
Փոփոխություններն այստեղ սկսում են մուտքից. ժամանակին Երևանի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած այգու մուտքի կամարը նորոգվել ու նոր տեսք է ստացել:
Կենդանաբանական այգում ներդրվել է տոմսային նոր՝ էլեկտրոնային համակարգ։
2022թ․-ի կարևոր ձեռքբերումներից էր անվտանգության համակարգը։ Այսօր արդեն այգու ամբողջ տարածքը տեսահսկվում է, ինչը թույլ կտա հսկել ու բացառել թափառող կենդանիների ներթափանցումն ու այգու կենդանիներին վնասումը, նաև քաղաքացիների կողմից կենդանիներին չթույլատրված կերակրման փորձերն ու հնարավոր այլ դեպքերը:
«24-ժամյա ռեժիմով տեսահսկվում է այգու ամբողջ տարածքն ու ազատավանդակները: Այս պահին ունենք մոտ 135 տեսախցիկ: Արել ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք անվտանգ այգի»,-ասում է այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանը:
Այգու այցելուների համար նախորդ տարի տարածքը կահավորվեց նոր կողմնորոշիչ վահանակներով, փոխվեցին կենդանիների մասին պատմող տեղեկատվական վահանակները։
Այգում նախաձեռնած բարեփոխումների շնորհիվ նախորդ տարի փոխվեց արտաքին լուսավորության համակարգը, տեղադրվեցին էներգախնայող՝ լեդ լուսատուներ։ Երևանի կենդանաբանական այգու առաջնահերթ խնդիրներից էր տարածքի բարեկարգումն ու ազատավանդակների նորոգումը՝ տանիքից մինչև ներքին հարդարում։ Նախորդ տարի մեկնարկած աշխատանքները շարունակվում են նաև այս օրերին։ 13 ազատավանդակ արդեն նորոգվել է, փոխվել են որոշ ազատավանդակների ապակիները: Կիսվում է վագրերի ազատավանդակը՝ հնարավորություն ստեղծելով միաժամանակ ցուցադրել երկու վագրի:
Այժմ հերթը կերախոհանոցի նորոգմանն է։ Այստեղ նաև սառնարանային նոր համակարգ է ներդրվել:
«Այս պահին նախագծման փուլում են պրիմատների ազատավանդակի կառուցման և փղի ազատավանդակի ընդլայնման աշխատանքները՝ ունենալու համար միջազգային չափորոշիչներին համապատասխան տարածք»,-ասում է Ղազարյանը:
2022թ․-ին այգու բնակիչների թիվն ավելացավ ավելի քան 40 նոր ու հետաքրքիր կենդանատեսակով։ Դրանց մի մասը ծնվել է հենց այգում, մի մասը նվիրատվություններ են:
«Այս պահին ունենք 145 կենդանատեսակ՝ ավելի քան 700 առանձնյակով, 2022-ին համալրվել է այգին աֆրիկյան ջայլամներով, կարմիր գրքում գրանցված թռչուններով, ամուրյան վագրով»,- նշում է այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը:
Կենդանիների առողջության պահպանման համար կլինիկան վերազինվել ու համալրվել է 46 նոր սարքավորմամբ:
«Շատ կարևոր է, որ նոր սարքավորումները հարմար են տեղափոխման համար, և անհրաժեշտության դեպքում նաև ազատվանդակներում կկարողանանք բուժօգնություն ցուցաբերել: Այս տարի ԱՄՆ-ից սպասում ենք հեռահար թմրեցման սարքին»,-ասում է այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:
Այգու զարգացման ծրագրերի հետ մեկտեղ կենդանաբույժից մինչև խնամողներ՝ բարձրացել են նաև աշխատակիցների աշխատավարձերը:
2022թ․-ի աշխատանքները ներկայացվել ու ամփոփվել են Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Կենդանաբանական այգու հիմնադրումից հետո առաջին անգամ այգին ունի գիտնականների ու ոլորտի մասնագետների կողմից մշակված ու հաստատված կերաբաժիններ։
«Երկար տարիներ Երևանի կենդանաբանական այգին կերաբաժինները կազմում էր այլ երկրների այգիների կերաբաժիններով, այժմ գիտնականների հետ մշակվել է կերաբաժինների սահմանված ու հաստատված ձև»,-նշում է Աշոտ Ասլանյանը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դրական գնահատելով աշխատանքները, նշել է, որ այգու զարգացման համար կարևոր է ծրագրերի շարունակականությունը: Քաղաքապետը նաև ընդգծել է ֆինանսական նոր՝ հավելյալ եկամուտների աղբյուրների ներգրավման անհրաժեշտությունը:
«Բավական մեծ աշխատանքներ են տարվել կենդանաբանական այգում, սակայն անելիքները ևս շատ են: Այս տարի նախատեսվում են մի քանի ուղղությամբ բարեփոխման հստակ ծրագրեր, որոնք էապես կբարելավեն պայմանները: Համայնքն, իհարկե, աջակցելու է զարգացման ծրագրերին, սակայն կարևոր է, որպեսզի այգին կարողանա ավելացնել իր եկամուտները» ,- շեշտել է Հրաչյա Սարգսյանը:
2023թ․-ին կենդանբանական այգում նախատեսված են մի շարք ծրագրեր: Այս տարի կլուծվի այգու էլեկտրամատակարարման նոր ցանցի, և նոր կոյուղագծի տասնամյակներով չլուծված խնդիրը: Կտարվեն բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ: Այս տարի կվերակառուցվի նաև թռչունների պահման համար նախատեսված շենք-աշտարակը: Այն կծառայի ուսանողներին ու դպրոցականներին՝ որպես գիտակրթական կենտրոն: 2023թ․-ին Կենդանաբանական այգում սպասվում են նաև նոր համալրումներ: Նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածություններով այս տարի այգին հավակնում է դառնալ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամ:
«Կենդանաբանական այգին երկրի այցեքարտն է, ուստի անելու ենք հնարավորը, որպեսզի ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան այգի»,-նշում է Ղազարյանը: