«Նորաձևությունը արվեստ է, իսկ արվեստը մեր քաղաքի դեմքն է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

24.10.2025

Երևանի նորաձևության շաբաթը մենարկել է` համախմբելով հայ և միջազգային դիզայներների, ոլորտի առաջատար մասնագետների, ազդեցիկ հյուրերի ու նորաձևության սիրահարների մեկ տանիքի ներքո: 
Նախագծի գլխավոր հովանավոր և գործընկեր Երևանի քաղաքապետարանի,  միջազգային ու տեղական գործընկերների հետ համատեղ՝ Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի կողմից իրականացվող միջոցառումը  նպատակ ունի զարգացնել հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնել համաշխարհային հարթակներում, իսկ Երևան քաղաքը աստիճանաբար դասել նորաձևության շաբաթ հյուրընկալող քաղաքների շարքում։  
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին ներկա է գտնվել «Երևանի նորաձևության շաբաթ 2025» ամենամյա միջոցառմանը, որը տեղի է ունեցել Մերիդիան Էքսպո կենտրոնում: 
Միջոցառման շրջանակում «Fashion Scout Armenia» երիտասարդ դիզայներների մրցույթի մասնակիցներից Էմիլիա Զաքարյանն արժանացել է Երևանի քաղաքապետի մրցանակի: 
«Երևանի քաղաքապետարանը մեծ հպարտությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ կանգնած է «Երևանի նորաձևության շաբաթ» նախագծի կողքին, որովհետև նորաձևությունը արվեստ է, իսկ արվեստը մեր քաղաքի դեմքն է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ իրապես բարձր որակով միջոցառում կազմակերպելու համար:   
«Երևանի նորաձևության շաբաթ 2025»-ում ավելի քան 20 հայ և միջազգային (ԱՄԷ-ից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Ռուսաստանից) դիզայներների հավաքածուների ցուցադրություններ են` նորարարության, կայունության, մշակութային ինքնության շեշտադրմամբ։ 
«Fashion Expo» ցուցահանդեսային տարածքում էլ ներկայացված են ավելի քան 60 հայկական և միջազգային բրենդների հավաքածուներ: