Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է
Հուլիսի 13-20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը: Չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր գործընկերն է: Ծրագրի իրականացմանը հատկացվել է 74000.0 հազար (յոթանասունչորս միլիոն) ՀՀ դրամ: Կինոփառատոնն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի մեկնարկային ասուլիսին մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղեկալ Լևոն Հովհաննիսյանը: Փառատոնն այս տարի հյուրընկալելու է շուրջ 70 միջազգային հյուրերի և ներկայացնելու է մոտ 100 ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից՝ ընդգրկելով Արևմտյան Ասիան, հայկական սփյուռքի համայնքները, Մերձավոր Արևելքն ու Փոքր Կովկասի շրջանները։ Ծրագրում պահպանվելու են հիմնական բաժինները.
• միջազգային մրցութային լիամետրաժ ֆիլմեր,
• տարածաշրջանային մրցութային ծրագիր,
• «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ազգային մրցույթ,
• Երևանի շնորհանդեսներ,
• «Ծուռ ծիրան» ծրագիր,
• հետահայաց ցուցադրություններ և հարգանքի տուրք մեծ վարպետներին։
Կազմակերպվելու են ոչ միայն մրցութային և թեմատիկ ցուցադրություններ, այլև մի շարք հատուկ միջոցառումներ՝ փառատոնի բացման և փակման արարողություններ, միջազգային հյուրերի ընդունելություններ, վարպետության դասեր, աշխատարաններ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։
Փառատոնի կրթական և մասնագիտական բաղադրիչը՝ «GAIFF PRO» հարթակի հիմնական նպատակը, ինչպես միշտ, լինելու է երիտասարդ և փորձառու կինոգործիչների զարգացումը։
2025 թվականը նշանավորվում է նաև «Ոսկե ծիրան»-ի «FIAPF» հավատարմագրում ստանալու վերջնական փուլով։ Այս չափորոշիչներին համապատասխանելը փառատոնը կդարձնի աշխարհի 43 ամենահեղինակավոր կինոփառատոների ընտանիքի անդամ՝ բարձրացնելով Հայաստանի կինոարտադրության նկատմամբ միջազգային հետաքրքրությունը։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն hայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։ Նրանք քննարկում կունենան նվիրված «Անորա» ֆիլմին, որը մեծ հաջողություն բերեց դերասաններին։
Փառատոնի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի մշակութային ուղենիշի ամրապնդումը՝ ներկայացնելով նորարարական, ոչ կոմերցիոն ֆիլմեր, խթանելով ստեղծագործական համագործակցությունը և ապահովելով արտահայտման հարթակ այն ֆիլմերի համար, որոնք ընդլայնում են ժամանակակից կինոլեզվի սահմանները։
Փառատոնին ընդառաջ, ի դեպ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ներկայում ընթանում են Ազնավուրի անվան հրապարակում գտնվող «Աստղերի պուրակ»-ի բարեկարգման աշխատանքները: