Պարզաբանում՝ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի սոցցանցային գրառման վերաբերյալ

02.02.2023

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը 31.01.2023թ. իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի՝ իր կարծիքով տեղ գտած խախտումների մասին։ Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ աղբամանների հարթակների  առնչությամբ  ավագանու անդամի հրապարակումը, իսկ ավելի որոշակի՝ դրանում տեղ գտած պնդումները չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ դրանց հիմքում սխալ հաշվարկներն են և դրանցից բխող թյուր մեկնաբանությունները: 
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականին հայտարարված մրցույթում հաղթող կապալառու ընկերության կողմից 2021 թվականի ընթացքում թեքահարթակներ կառուցվել են 258 հատվածներում՝ ընդհանուր առմամբ 608  աղբամանի համար:
2021 թվականին կապալառու ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմել է 48,789,967.0  (քառասունութ միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր վաթսունյոթ) դրամ: Այս գումարով 608 հատ աղբամանի համար կառուցվել է հարթակ, այսինքն՝ 1 աղբամանը հարթակով ապահովելու արժեքը կազմել է 80246.6 (ութսուն հազար երկու հարյուր քառասունվեց) դրամ:
2022 թվականին հայտարարված մրցույթում հաղթող  կապալառու ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմել է 98.200.000,0 (իննսունութ միլիոն երկու հարյուր հազար) դրամ, կապալառու ընկերության կողմից աշխատանքներն իրականացվել են շուրջ 80%-ի կամ 79,977,859.0 (յոթանասունինը միլիոն ինը հարյուր յոթանասունյոթ հազար ութ հարյուր հիսունինը) դրամի չափով:  Ներկայում  աշխատանքները մոտենում են  ավարտին:
Այս պահի դրությամբ առանձնացված 400 հատվածներում կառուցվել է աղբամանի 1024 հարթակ, այսինքն՝ 1 աղբամանը հարթակով ապահովելու արժեքը կազմել է՝ 78,103.3 (յոթանասունութ հազար հարյուր երեք  դրամ: Ընդգծենք նաև, որ ինչպես տիկին Աբգարյանը, այնպես էլ նրա սոցցանցային գրառումը տարածած լրատվամիջոցները ցանկության դեպքում կարող են Երևանի քաղաքապետարանից ստանալ կառուցված հարթակների  հասցեները:
Ինչ վերաբերում է շինարարության նախագծի ու շինաշխատանքների վերահսկողության բացակայության մասին տիկին Աբգարյանի պնդումներին, ապա տեղեկացնում ենք, որ համաձայն «ՀՀ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի  հավելված 4, ցանկ 1-ի, փոքրածավալ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների: Ընդգծենք նաև, որ, համաձայն նույն հավելվածի 2-րդ կետի, ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, կազմվել թերությունների մասին ակտ, աշխատանքների ցանկ և անհրաժեշտության դեպքում՝ նախահաշիվ, որոնք, համաձայն կարգի 95-րդ կետի, փորձաքննություն չեն ենթադրում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
լրատվության վարչություն

Լուսանկարներ