Սեր, Տոն, Երևան. 2808

17.10.2026

Այս տարվա «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մեկնարկեցին հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացած հանրահայտ արտիստ Դիանա Արբենինայի համերգով։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի տարբեր հատվածներում տոնական միջոցառումները շարունակվեցին: Մայրաքաղաքի տոնը նշող երևանցիներին ու քաղաքի հյուրերին միացավ նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կարապի լճի հարակից տարածքում ստեղծվել էր մանկական գոտի՝ երեխաների օրը դարձնելով բազմազան ու հետաքրքիր։ Հյուսիսային պողոտայում և Շառլ Ազնավուրի հրապարակում հնչում էին ազգային երգ ու պար, ինչպես նաև փոփ երաժշտություն՝ հանրահայտ արտիստների մասնակցությամբ։

Ռոքի սիրահարները համախմբվել էին Դիանա Աբգարի անվան զբոսայգում՝ վայելելու սիրված ռոք արտիստների ելույթները։ Իսկ Անգլիական զբոսայգում տիրում էր ռեպ երաժշտությունը՝ հայտնի ռեպ խմբերի կատարումներով։ Դասական երաժշտության սիրահարների համար Ազատության հրապարակում բացօթյա համերգ էր կազմակերպվել: 

Գաֆեսճյանի անվան պուրակում երևանցիներն ու քաղաքի հյուրերը ունկնդրում էին ջազային հնչյուններով համեմված ելույթներ՝ հանրահայտ հայ և միջազգային ճանաչում ունեցող արտիստների կատարմամբ։

Հատուկ հյուրերի շարքում էին նաև ֆրանսիացի երաժիշտ FKJ-ը և դիջեյ Vanco-ն:

Տոնական օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբ։

Տեսանյութ

Սեր, Տոն, Երևան. 2808