Շենգավիթում կկառուցվի մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն

12.01.2024
Սպորտ

20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը: Տասնամյակներ շարունակ կիսաավեր վիճակում գտնվող կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն:

Իրականացվող ծրագրի շնորհիվ Երևանի հավաքականները կունենան կենտրոն, որտեղ կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ: Համալիրը մեկ հարկի տակ կներառի 6 մարզաձև:

Բռնցքամարտի ռինգեր, ըմբշամարտի գորգեր, ֆիզպատրաստության համար նախատեսված դահլիճ. համալիր կենտրոնը հնարավորություն կտա մարզիկներին նոր ու հարմարավետ պայմաններում կազմակերպել մարզումները:

Արդեն իսկ հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել Երևանի թենիսի ու բադմինթոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը: «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում էլ փուլային հիմնանորոգման վերջին աշխատանքներն են ընթանում: Համայնքային միջոցներով 2022թ.-ից մեկնարկած ծրագիրն այստեղ ևս իրատեսական դարձրեց տասնամյակների կուտակված խնդիրների լուծումը:

Քաղաքային իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովել նաև երևանյան մյուս մարզադպրոցներում:

Տեսանյութ

Շենգավիթում կկառուցվի մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն