Սիրված երգեր՝ Կոնսերվատորիայի հարակից պուրակում
«Էրբունի-Երևան 2798» տոնակատարության մշակութային միջոցառումների շաքում սպասվածներց է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում կազմակերպվող ուսանողական բեմահարթակը:
Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը համաքաղաքային տարաբնույթ միջոցառումներում` այս տարի ևս քաղաքապետարանը Երևանի տոնին նվիրված միջոցառումներում ներգրավել է նաև նրանց: Մասնավորապես՝ ուսանողական հարթակում կազմակերված համերգային ծրագրի առաջին մասը վստահված էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս» կամերային երգչախմբին, որի կատարմամբ հնչեցին Երևանին նվիրված մի շարք հայտնի և սիրված ստեղծագործություններ:
Երգչախմբի համերգային ծրագրին հաջորդեցին մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողների երևանյան մոտիվներով կատարումները:
Համերգին հետևող երևանցիները և քաղաքի հյուրերը բուռն ծափահարություններով ողջունում էին պատանի ստեղծագործողներին, ովքեր խոստովանում են, որ «Էրեբունի-Երևանն» սպասված միջոցառում է և իրենց ամեն տարի ընձեռում է նոր հնարավորություններ:
Հավելենք, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում կազմակերպվող ուսանողական բեմահարթակից արդեն ուշ երեկոյան քաղաքի տոնը կշնորհավորեն պրոֆեսիոնալ երաժիշտները՝ դասական համերգային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն