Թիմային հաշվարկով Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի հաղթող և արժանացել ՀՀ Նախագահի գավաթին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին, Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները: ՀՀ Նախագահի 2015 թվականի հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներ, որոնք կանցկացվեն հոկտեմբերին:
«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի 1-ին փուլին Երևանից, Հայաստանի Հանրապետության մարզերից և Արցախից մասնակցել է 2.065 ընտանիք կամ 6.195 մարդ, իսկ ս.թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներին, կազմակերպիչների հավաստմամբ, կմասնակցեն 6000-ից ավելի երեխաներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, երեք մրցույթների ընթացքում ՀՀ Նախագահի մրցանակի համար մասնակիցների թիվն այս տարի կգերազանցի 12.000-ը:
«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթն անցկացվել է երեք փուլով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է նաև իր կազմում հաշմանդամ անձ ունեցող 19 ընտանիք՝ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, նաև գավաթներ՝ Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի և հաշմանդամություն ունեցող 19 ընտանիքի բոլոր երեխաները Նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:
Ընդհանուր թիմային հաշվարկով երևանյան ընտանիքները հավաքել են 2005 միավոր և գրավել առաջին տեղը` երրորդ տարին անընդմեջ արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին, որը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով երևանյան պատվիրակության անդամներին Երևանը մրցույթում լավագույնս ներկայացնելու և փայլուն հաղթանակի համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաղթանակներ: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր երևանցիների կողքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն