Տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվի անհատական մոտեցում. քննարկում՝ հ.92 մանկապարտեզի շուրջ
Օրեր առաջ սոցիալական ցանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում Երևանի հ. 92 մանկապարտեզի երեխաներն էին՝ կապված աթոռներին:
Դեպքը առիթ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվի նեղ մասնագիտական քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության, մանկապարտեզի աշխատակիցներ, ծնողներ, բժիշկներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական կառույցների անդամներ:
Քննարկման ընթացքում նշվել է, որ 2015 թվականից նախաներառական 3 խմբով աշխատող թիվ 92 մանկապարտեզ հաճախում է տարբեր խնդիրներ ունեցող 24 երեխա: Նրանցից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս անվասայլակներով: Նստարանները, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ, մանկապարտեզին տրմադրել էր «Արբես» առողջապահական կենտրոնը հենց նման՝ հենաշարժողական խնդրով երեխաների համար: Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքով դա արվել է երեխաների անվտանգության նկատառումներով:
«Խնդիրը շատ նուրբ է, և կուզենայի, որ այս բազմաշերտ մասնագիտական խմբով փորձենք խնդրին համապատասխան լուծում տալ: Չնշելով, որ մանկապարեզը ներառական է, համացանցային հրապարակումից տպավորություն էր ստեղծվել, որ Երևանի բոլոր մանկապարտեզներում է կիրառվում նման մոտեցում, ինչի հետևանքով մենք մեծ աղմուկի բախվեցինք: Օգտագործելով այս երեխաներին՝ փորձ արվեց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների կառավարման համակարգի վրա ստվեր գցել, ինչն ուղղակի անընդունելի է: Բնականաբար, այս ընթացքում այցելություններ են եղել մանկապարտեզ: Մենք պետք է հարգենք երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները`համապատասխան պայմաններ ստեղծելով երեխաների համար»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը՝ հորդորելով ոչ մասնագետներին զերծ մնալ մասնագիտական կարծիքներ արտահայտելուց:
Հանդիպմանը ներկա «Արբես» առողջության կենտրոնից Գայանե Զաքարյանը նշել է, որ աթոռակները հատուկ մասնագիտական չեն, բայց փորձել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար հնարավորին հարմար դարձնել:
Փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր հերթին նշել է, ԿԳՄՍ-ը, լինելով կրթական ընդհանուր քաղաքականության մշակող կառույց, կարևորում է խնդիրների վերհանումը, դրանց շուրջ քննարկումները:
Խոսելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդաբանության մասին՝ քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ բռնության որևէ դրսևորում չի կարող դրանց մաս կազմել:
Մասնագիտական քննարկումները կշարունակվեն, և տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ: