Տարոն Մարգարյան. «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ և համագործակցված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման, ինչպես նաև արդյունավետ ու կառուցողական ծրագրերի կյանքի կոչման գործում անչափ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Թբիլիսիի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:
«Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ մենք պետք է էլ ավելի սերտացնենք ու խորացնենք երկու քաղաքների միջև առկա հարաբերություններն ու գործնական ընթացք տանք փոխգործակցության շատ ծրագրերի: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար, և համոզված եմ, որ երկուստեք փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ առաջիկայում կունենանք նոր ձեռքբերումներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար՝ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշել է, որ Երևանն այս տարիների ընթացքում իր և իր ընտանիքի անդամների համար իրապես դարձել է հարազատ քաղաք ու, ըստ այդմ, իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երևանի և Թբիլիսիի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն