Տիգրան Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ քննարկել է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր
Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Ստոկհոլմում էր: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի ղեկավար Լենա Ֆալկոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, ֆինանսական կառավարմանը, տեղական իշխանությունների դերերին ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր։ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև կրթության և ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ շվեդական փորձին, մասնակցել շվեդական համահարթեցման համակարգին վերաբերող քննարկմանը։
Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի գործընկերոջ՝ քաղաքային խորհրդի նախագահ Օլե Բուրրելի հետ: Երկու մայրաքաղաքների ղեկավարներն անդրադարձել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, խոսել քաղաքային տարբեր ծրագրերից ու խնդիրներից, նախանշել գործակցության հնարավոր ուղղությունները:
Երևանի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել նաև Շվեդիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանի, ինչպես նաև Շվեդիայի թագավորության արտաքին գործերի պետական քարտուղար Կարին Յուհլինիի հետ։