Տիգրան Ավինյանի որակումները որևէ մեկի անձը վիրավորելու միտում չեն ունեցել

20.08.2024

Սիրելի՛ երևանցիներ,

կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 4-ին կայացրել է «Վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» N 08/2024/Վ/Վ որոշումը։ Որոշման հիմքում դրված հրապարակումը չի հիմնավորում Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, իսկ Որոշման մեջ Տիգրան Ավինյանի խոսքերից մեջբերված արտահայտություններն իրենց բովանդակությամբ, այդ թվում՝ հայոց լեզվում առկա, հասարակության տարբեր շերտերում լայն տարածում գտած ու փոխաբերական իմաստով օգտագործվող դարձվածքներով հանդերձ, չեն պարունակում վարքագծի կանոնների առերևույթ խախտում հիշեցնող տարրեր: Օրենքից հետևում է, որ Երևանի քաղաքապետը Երևանի ավագանու նիստը վարում է որպես Երևանի ավագանու անդամ և նիստը վարելիս հանդես չի գալիս որպես Երևանի քաղաքապետ, ինչից հետևում է, որ Երևանի ավագանու նիստը վարող Երևանի ավագանու անդամը չի համապատասխանում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որևէ պաշտոնատար անձի կարգավիճակին, հետևաբար, ավագանու անդամ Տիգրան Ավինյանը չի հանդիսանում այն սուբյեկտը, ում նկատմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ կարող է վարույթ հարուցվել: Ավելին՝ ասվածից հետևում է, որ Հանձնաժողովն իրավասու չէ համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող Երևանի ավագանու որևէ անդամի նկատմամբ հարուցել խնդրո առարկա վարույթը։ Բոլոր դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի վարույթը ընդունում ենք ի գիտություն։

Լուսանկարներ