«Վահագն Վիշապաքաղ» արձանը նոր հասցե ունի

24.06.2026

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի հեղինակած «Վահագն Վիշապաքաղ» արձանն իր հանգրվանը գտավ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող հրապարակում:
1968 թվականին կերտված այս արձանն ունի 3,5 մետր բարձրություն: Տարբեր տարիներին այն ունեցել է տարբեր հասցեներ: Իսկ 2004 թվականից հուշարձանը տեղադրված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ: 
Արձանի հանդիսավոր վերաբացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, քանդակագործի զարմուհին, ինչպես նաև պետական այլ պաշտոնյաներ ու հյուրեր: 

«Այսօր Վահագն Վիշապաքաղը վերադառնում է Երևանի կենտրոն։  Եվ այս նախաձեռնությունն  իրականացվել է, իհարկե, իմ առաջարկով, բայց ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել տիկին ժաննա Անդրեասյանին՝ շատ ինտենսիվ կերպով այս առաջարկությունն ի կատար ածելու և Կառավարության որոշումը թողարկելու համար, Կառավարության մեր գործընկերներին,  պարոն փոխնախարարին:

Իրականում Երևանի կենտրոնում, կարծում եմ, պետք է կանգնած լինեն այն խորհրդանիշները, որոնք  խոսում են  մեր ժողովրդի արժանապատվության և հաղթանակի մասին։ Վահագնը մեր ժողովորդի հիշողության հենց այդ կերպարն է,  և Մովսես Խորենացու երկի մեջ նրա ծնունդը ցնծում է աշխարհը, երկինքը, երկիրը, ծովը և ծխից, և բոցից ծնվում է Վահագնը։

Վահագնը ծնվում է որպես հաղթանակի կամք, որի առաջ այլևս վիշապն անզոր է։ Վիշապը մեր պատմական հիշողության մեջ պարզապես առասպելական հրեշ չի եղել, այն միշտ նշանակել է այն բոլոր վտանգները և ռիսկերը, որ մեր ժողովորդը, մեր ազգը, մեր պետությունը տարբեր ժամանակահատվածներում ունեցել  և հաղթահարել է կամ էլ չի հաղթահարել։ Եվ վերջին շրջանում, ինձ ներող կլինեք որոշակի քաղաքական  ենթատեքստի համար, բայց վերջին շրջանում մի գուցե մենք այդ վիշապի տեսքը և կերպարը լավ չենք հասկացել,  իր խորքը չենք պատկերացել, բայց մի նմանատիպ վիշապ նույնպես հայ ժողովուրդը հաղթահարել է։ 

Եվ իր ընտրությամբ, իր քվեարկությամբ մենք մեծ վտանգից և չարիքից ենք ազատվել,  և այսօր մենք հպարտորեն  Ռուսաստանի հրապարակում կանգնեցնում ենք Վահագն Վիշապաքաղի արձանը,  որովհետև վիշապը եկավ, բայց հեռացավ գլխատված։ 

Այս հուշարձանի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Նուրիջանյանի ձեռքով են ստեղծվել Վահագնը, Հայկ Նահապետը, Տորք Անգեղը. կերպարներ, որոնք դարձել են մեր ազգային ուժի, դիմադրողականության և արժանապատվության խորդանիշները։  Եվ երկար ժամանակ Կառլեն Նուրիջանյանի անունը մնացել է իր իսկ ստեղծած կերպարների և հերոսների ստվերում։  Այսօր մենք ոչ միայն Վահագնին ենք վերադարձնում իր արժանի տեղը, մենք Կառլեն Նուրիջանյանին ենք վերադարձնում իր արժանիքը։  

Պետությունը պետք է ճանաչի իր հերոսներին, պետք է ճանաչի ոչ միայն նրանց, ովքեր կռվել են մարտի դաշտում հայրենիքի համար, այլև նրանց, ովքեր ժողովրդի ողնաշարը կերտել են պղնձով, քարով և խորհրդով։ Եվ այսօր Վահագնը կանգնում է Երևանի կենտրոնում՝ որպես հստակ ուղերձ։ ժողորդավարության ամեն հաղթանակը ամրապնդում է և շարունակում ժողովրդավարության պահպանումը։ Ժողովրդավարության գեթ մեկ պարտություն նշանակում է հավիտյանս ժողովրդավարության կորուստ։ Եվ հենց դրա համար մենք չենք դադարելու պայքարել,  քանզի տեր ենք այս պետությանը, տեր ենք մեր անկախությանը, տեր ենք մեր ապագային, տեր ենք խաղաղությանը, մեր մայրաքաղաքաին և Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը,  շնորհավորում եմ բոլորիս»,- ելույթի իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին