Վերականգնման աշխատանքներից հետո Երևանի՝ 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամուրջը պաշտոնապես բացվեց
Համայնք-մասնավոր գործակցությամբ վերականգնված Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը պաշտոնապես վերաբացվել է:
Կատարված աշխատանքներին ծանոթացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, բազմաթիվ հյուրեր:
Դարերից եկած կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ արժեքավոր բոլոր էլեմենտներն ու պատմական շերտերը պահպանվեն:
«Ես վստահ եմ, որ այս վայրն իր ձգողականությամբ կանչելու է ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ հյուրերին: Սա համայնք-մասնավոր գործակցության լավագույն օրինակներից է, որն ուղղված է մշակութային ժառանգության պահպանմանը»,- նշել է քաղաքապետ Ավինյանը:
Երևանի ամենահին կամրջի բացումը միաժամանակ հանդիսացավ «Եվրոպական ժառանգության օրեր 2025» ծրագրի եզրափակիչ միջոցառումը, որն այցելուներին միավորեց քաղաքային մշակույթի, երաժշտության ու պատմական ժառանգության շուրջ։