«Յուրաքանչյուր համախմբում առկա խնդիրների քննարկման շուրջ միտված է գտնելու համարժեք լուծումներ». քաղաքապետ Տիգրան Ավինյան
«Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի» նիստում քննարկվել են ոլորտային խնդիրներ ու հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելու հարցեր: Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալ անձինք:
«Բոլորիս ներկայությունը, Հանձնաժողով ունենալու անհրաժեշտությունը փաստում է այն, որ որքան էլ իրականացվեն օրենսդրական բարեփոխումներ, այնուամենայնիվ, իրականության մեջ մնում են հարցեր, որոնք դեռ չունեն լուծումներ կամ արդյունավետորեն չի կիրառվում առկա գործիքակազմը: Յուրաքանչյուր համախմբում առկա խնդիրների քննարկման շուրջ միտված է գտնելու համարժեք լուծումներ»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի տարբեր ծրագրերով իրագործված ու ընթացիկ աշխատանքները, որոնք միտված են Երևանն առավել հարմարավետ ու մատչելի դարձնելուն, ինչպես նաև հավասար իրավունքների իրացմանը:
Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք կդիտարկվեն հետագա ծրագրերում: