Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Հավելված
Երևանի քաղաքապետի
2022թ. սեպտեմբերի -ի
հ. -Ա որոշման
Հավելված 15.1
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ. 1704-Ա որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊՈՐՏԻ և
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, Քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) մշակում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից համայնքային երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, սպորտի և երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) կազմակերպում և վերահսկում է Երևան քաղաքի ենթակայության մարզական կազմակերպությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանց ընդլայնման, վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման վերաբերյալ,
4) առաջարկություններ է ներկայացնում մարզական կազմակերպություններում պետական պատվերների տեղադրման վերաբերյալ,
5) վերահսկում է քաղաքային ենթակայության մարզական կազմակերպություններում վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
6) կազմակերպում է համաքաղաքային հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ պետական և ազգային տոների և հիշատակի օրերի հետ կապված` հանրային միջոցառումներ,
7) Երևանի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ ապահովում է Երևան քաղաքում մարզական և երիտասարդական քաղաքականության մշակման, համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
8) առաջարկություններ է ներկայացնում Երևան քաղաքի ենթակայության մարզական օբեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ,
9) առաջարկություններ է ներկայացնում քաղաքի ենթակայության մարզական կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեից և Երևան համայնքի բյուջեից կատարվող հատկացումների նպատակային օգտագործման վերաբերյալ,
10) ապահովում է հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական համաքաղաքային միջոցառումների տարեկան օրացուցային պլանի մշակումը և անմիջական իրականացումը,
11) ձևավորում է Երևան քաղաքի հավաքական թիմերը, ապահովում նրանց մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին և Համահայկական խաղերին, անհրաժեշտությունից ելնելով՝ կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ և գործուղումներ,
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
13) Օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված է Վարչությանը,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի քաղաքի ավագանին:
10. Վարչության պետին և Վարչության աշխատակիցների աշխատանքի նշանակումն ու ազատումը իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
11. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
12. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների, Վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
14. Վարչութան պետը ՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը,
2) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և (կամ) Վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) Վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Երևան համայնքի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների ղեկավար կադրերի վերաբերյալ,
5) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
2025 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ
Սպորտի եվ երիտասարդության հարցերի վարչության կողմից 2025 թվականի ընթացքում անցկացվել են 11 միջազգային մրցաշարեր, որոնց մասնակցել են շուրջ 1415 մարզիկներ հետևյալ մարզաձևերից՝ վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, ձյուդո, մարմնամարզություն, բադմինթոն, թենիս, բռնցքամարտ, հունահռոմեական ոճի և ազատ ոճի ըմբշամարտ, գեղասահք։
Անցկացվել են 10 քաղաքային առաջնություններ՝ 453 մարզիկների մասնակցությամբ և 6 համաքաղաքային մասսայական միջոցառումներ՝ 2269 մասնակիցներով:
Փետրվար ամսին Ջերմուկում անցկացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը, որին մասնակցել են աշխարհի 18 երկրից ժամանած ավելի քան 1340 պատվիրակներ։ Երևանը ներկայացնող թիմը ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը։
Ուսումնամարզական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար համայնքի ենթակայության մարզադպրոցները համալրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան մարզագույքով։
Ընդհանուր թվով Երևան համայնքում կառուցվել են թվով 14 Workout մարզահրապարակներ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կառուցվել են ՖԻՖԱ-ի ստանդարտներին համապատասխան, 20x40 չափերի արհեստական խոտածածկով 8 ֆուտբոլի դաշտեր։
«ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում Երևան համայնքում անցկացվել են բակային ֆուտբոլի առաջնություններ, որոնց մասնակցել են 7-րդ և 9-րդ դասարանների շուրջ 6000 երեխաներ։
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից անցկացրած որոշ մարզական միջոցառումներ ընդգրկվել են Եվրոպական մարզական ասոցիացիաների օրացուցային պլանում։
Կայացել են մի շարք հանդիպումներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Միջազգային մի քանի մարզական ֆեդերացիաների ղեկավարների հետ, ինչպես նաև սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ։
Բռնցքամարտի միջազգային մրցաշարերը բարձր մակարդակով կազմակերպելու համար EUBC Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի նախագահ Ioannis Filippatos-ը Տիգրան Ավինյանին է փոխանցել Շնորհակալական նամակ և հուշանվեր։
2025թ տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը։ Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ և նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։
Մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության համալիր մարզադպրոցի նախագծման փուլն արդեն ավարտված է, ներկա պահին գործընթացը գտնվում է համալիր փորձաքննության փուլում։
2026թ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվել է կառուցել թեթև աթլետիկայի մարզադպրոց։ Ծրագիրը գտնվում է նախագծման փուլում։
ՀՀ թենիսի և բասկետբոլի ֆեդերացիաների հետ համատեղ նախատեսվում է հիմնել թենիսի և բասկետբոլի ակադեմիաներ։ Նախագիծը քննարկման փուլում է։
Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջաններում նախատեսվում են կառուցել համալիր մարզաձևերի մարզադպրոցներ։ Կազմվել է նախագիծ, որն անցել է պարզ և համալիր փորձաքննություն։ Շինարարության սկիզբը 2026 թվականին է։
2022-2025թթ. ընթացքում Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցության շրջանակներում, անց ենք կացրել առաջին հոգեբանական օգնության և առաջին օգնության դասընթացներ՝ համայնքի մարզական կազմակերպությունների մարզիչ-մանկավարժների և աշխատակիցների համար։