ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մշակութային օջախներ և կոթողներ

 
Մշակույթը ցանկացած ազգի, նրա ստեղծած պետության անցած ուղու որակական արտահայտությունն է: Մարդկության ընդհանուր գանձարանում մնայուն արժեքների հիմնական բաղադրիչն է մշակույթը, որը նաև այն ստեղծողի մտավոր ներուժի չափանիշն է:
Հայաստանն աշխարհին հիմնականում ներկայացել է ստեղծագործական մտքի դրսևորումներով: Դրա վկաները մեր երկրով մեկ սփռված կոթողներն ու տաճարներն են, Մատենադարանում, այլ երկրների գրադարաններում ու թանգարաններում պահպանվող գրքերը, գեղարվեստական գործերն ու քանդակները, իսկ հայ երգահանների ստեղծագործությունները, ազգային երաժշտությունը յուրահատուկ տեղ ունեն մարդկության հոգևոր զարգացման գործում:

Երևանը 19-րդ դարից ի վեր դարձել է հայոց մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը, իսկ անկախ պետության մայրաքաղաք դառնալուց հետո` զարգացման հիմնական օջախը:
 
Երևանի տարածքում հաշվառված է պատմության և մշակույթի 401 հուշարձան, որից 288-ը պետական են, իսկ 113-ը՝ Երևանի համայնքային սեփականություն։ Հաշվառված պատմության և մշակույթի հուշարձաններից 155-ը առանձին կանգնած հուշարձաններ են, 33-ը քարայր-կացարաններ են, 20-ը՝ խաչքարեր, 20-ը՝ հուշաղբյուրներ, 19-ը՝ հուշակոթողներ, 11-ը՝ տուն-թանգարաններ, 6-ը՝ եկեղեցիներ։

Երևանում գտնվող 57 թանգարաններից 4-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության են։ Դրանք են՝ Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի և Պատմահնագիտական թանգարանները։ Երևանի 18  թատրոններից 3-ը ևս  գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ  (Հր.  Ղափլանյանի անվան դրամատիկական,  Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները):


2010թ. «Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ն անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը։ Էրեբունի ամրոցի պատմական, մշակութային և գիտական արժեքներն առավելագույնս բացահայտելու նպատակով մշակվել է հուշարձանի վերականգնման և վերակառուցման ծրագիր: