ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մշակույթ

Վարչության գործառույթներ

Մշակույթի և տուրիզմի վարչության գործունեությունը

 

Երևանի ենթակայությամբ գործում է 70 մշակութային կազմակերպություն, այդ թվում՝ 3 թատրոն (Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները), 19 գրադարան (այդ թվում՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը), 5 թանգարան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները)։

Երևանի ենթակայությամբ գործում են երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոցներ, որոնց սաները մասնակցում են համապետական և միջազգային մրցույթների, փառատոների՝ արժանանալով բարձր պարգևների և մրցանակների։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության համակարգմամբ են գործում նաև Յու. Բախշյանի անվան և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը:

Վարչական շրջաններում գործում են գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հաստատություններ, որոնց սաները մշտապես մասնակցում են քաղաքային, համապետական և միջազգային նշանակության տարաբնույթ ստեղծագործական-մշակութային նախագծերին։

Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունն իրականացնում է մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրեր, ինչպես նաև պետական, ազգային տոներին նվիրված միջոցառումներ։

 

  

2021թ. իրականացված ծրագրեր

 

 2021թ. Երևանում իրականացվել են մի շարք համաքաղաքային և պետական միջոցառումներ:

Կանանց տոնին նվիրված մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակում աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հետ համագործակցությամբ մարտի 8-ին Երևանի տարբեր մշակութային կազմակերպություններում անցկացվեցին տոնական միջոցառումներ, որոնք առավելապես սոցիալական ուղղվածություն ունեին: Տոնական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն էին ստացել միակողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքների մայրերը, արցախցի կանայք:

Երևանի թատերահամերգային դահլիճներում և թանգարաններում շուրջ 4500 այցելուների համար կայացան բազմաժանր միջոցառումներ. 13 թատերական ներկայացում, համերգային 2 ծրագիր, 3 ցուցահանդես և 1 կինոցուցադրություն:

Մարտիության միջոցառումներին օրվա խորհրդին համահունչ ծրագրով միացան նաև երևանյան թանգարանները (Երևան քաղաքի պատմության թանգարանում «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը», ինչպես նաև «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագրերով ցուցահանդես, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կանանց հյուրընկալեց «Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» ցուցադրությամբ, իսկ Ժամանակակից արվեստի թանգարանում՝ «JAZZ-ART-FASHION» ցուցահանդես-միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ հայտնի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը):

Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվեց «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը նվիրված է Թատերական գործիչների միության երկարամյա նախագահ, անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: Այն առաջին անգամ անցկացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նաև հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության եթերում:

Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում Ծիծեռնակաբերդում՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: Իրականացվել են միջոցառման կազմակերպչական աշխատանքների, երաժշտական կոլեկտիվների մասնակցության և տեխնիկական ապահովման ծառայություններ:

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Երևանի Ազատության հրապարակում իրականացվել են թեմատիկ մշակութային միջոցառումների կազմակերպչական, տեխնիկական ապահովման ծառայություններ, որի շրջանակում հունիսի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական մուլտֆիլմերի ծանոթ ու սիրված երաժշտական համարներ:

Ամանորյա տոներին նվիրված մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների շրջանակում աշխատակազմի հանրակրթության և երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունների հետ համագործակցությամբ դեկտեմբերի 20-30-ը Երևանի թատերահամերգային կազմակերպությունները մանուկների և պատանիների համար իրականացրեցին Ամանորի տոնական միջոցառումներ: Երևանյան 11 թատերահամերգային կազմակերպություններ երեխաների համար պատրաստեցին անակնկալներով լի ու հետաքրքրաշարժ միջոցառումներ, նոր բեմադրություններ և մանկական համերգային ծրագրեր, որոնց մասնակցելու հնարավորություն ունեցան Երևանի պետական և մասնավոր հանրակրթական հաստատությունների 1-ին և 2-րդ դասարանների բոլոր աշակերտները՝ շուրջ 25 հազար դպրոցական: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խմբերի, բազմազավակ, խնամատար, պատերազմից տուժած ընտանիքների, ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները՝ Երևանի քաղաքապետարանը շուրջ 5000 անվճար տոմս տրամադրեց նաև նշված խմբերի երեխաներին: