ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Արտաքին կապեր

Վարչության գործառույթներ
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում միջազգային 8 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր։ Վերջին շրջանում նախաձեռնությունները միտված են Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության արդյունավետացմանը և միջազգային կապերի հետագա ընդլայնմանը։
Ընդլայնվել կամ գործընկերային նոր հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների և կազմակերպությունների հետ` ԱՊՀ մայրաքաղաքների և խոշոր քաղաքների Միջազգային ասամբլեայի, Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի /AIMF/, Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի /LUCI/, Եվրոպական քաղաքների ասոցիացիայի /EUROCITIES/, Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող CIUDAD ծրագրի GOSPEL ենթածրագրի, Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, «Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի», Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության հետ և այլն: Երևանը նույնպես միացել և միանում է տարբեր ուղղվածություն ունեցող միջազգային նախաձեռնություններին և հռչակագրերին:
Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում մի շարք քաղաքների հետ համագործակցության պայմանագրեր կնքելու, կապեր հաստատելու ու խորացնելու, փոխայցեր իրականացնելու ուղղությամբ: Համագործակցությունն ընթանում է հետևյալ ոլորտներում. առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար. առանձին ուշադրություն է դարձվում փորձի փոխանակմանը, ներդրումների խրախուսմանը, համատեղ քաղաքաշինական, սոցիալական, մշակութային, մարզական ծրագրերին և միջոցառումներին և այլն:
Միջազգային համագործակցությունն ընդլայնվել է ինչպես բովանդակային մասով, այնպես էլ աշխարհագրությամբ:
Մեծ աշխատանք է տարվում նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ` տարբեր ոլորտներում առկա խնդիրներով պայմանավորված, որոնք լուծվում են ՀՀ պետական կառավարման և այլ մարմինների հետ համատեղ:
Մայրաքաղաքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է նաև Սփյուռքի գաղթօջախներում, որը խթան է նոր գործընկերներ գտնելու և արդյունավետ փոխհամագործակցություն հաստատելու համար, հատկապես Երևանի ներդրումային դաշտը ընդլայնելու և ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու համատեքստում:
Միջազգային համագործակցության ոլորտում Երևանի քաղաքապետարանի գործունեության հիմնական ուղղություններն են.
• Երևանի քույր և գործընկեր քաղաքների միջև զարգացող համագործակցության շարունակականության ապահովումը և նոր կապերի ստեղծումը, ակտիվ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում,
• միջազգային և տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար բավարար միջավայրի նպատակային օգտագործումը,
• միջազգային առկա փորձի, իրականացվող ծրագրերի և նախագծերի ուսումնասիրումը, համագործակցության ընդլայնումը գործունեության առաջնահերթ ուղղություններով,
• Երևանում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, միջազգային համատեղ ծրագրերի իրականացումը:
Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության մասին մանրամասն տե՛ս կայքի «Քույր քաղաքներ» և «Գործընկեր քաղաքներ» ենթաբաժիններում:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
արտաքին կապերի վարչություն