ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կաշեգործությունը հին Երևանում

Կաշեգործությունը հին Երևանում

Հայաստանը, ունենալով հարուստ պատմամշակութային անցյալ և գտնվելով տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում, դեռևս հին ժամանակներից աշխարհին հայտնի է եղել որպես արհեստների ծաղկուն երկիր։ Արհեստավորական համքարությունները կենտրոնացված են եղել նաև Երևանում։ Արհեստի զարգացած ճյուղերից էր կաշեգործությունը:
Ժամանակի ընթացքում կաշեգործությունը բաժանվել է մի քանի ինքնուրույն արհեստների՝ կաշվի մշակում, կոշկակարություն, մագաղաթի պատրաստում։ Դեռևս հին Հայաստանում հայտնի էր կոշկեղենի կարմիր, կանաչ և այլ գունավորմամբ բարձրորակ սեկը, որը պատրաստվում էր այծի մորթուց։ Կաշվի մշակումը եղել է բավական բարդ աշխատանք և տևում էր մեկից մինչև մի քանի ամիս։ Երևանում, ինչպես հայաբնակ մյուս վայրերում, կաշեգործությունը համարվել է ամենատարածված արհեստներից մեկը, թեև կրել է տնայնագործական բնույթ։ Կաշեգործները գոմշի և եզան կաշվից պատրաստում էին ներբանացու, կովի և երինջի կաշվից՝ քոսալու, որն օգտագործվում էր որպես կոշիկի երեսացու։ Կաշվի դիմացկունությունը որոշվում էր հետևյալ կերպ. կաշվի նմուշի մի ծայրն անշարժ ամրացվում էր հարմարանքին, իսկ մյուս ծայրից կախում էին հատուկ տարա, որում կշռաքարեր էին։ Դրանց քանակը որոշում էր կաշվի դիմացկունությունը։
Կաշեգործական արհեստանոցները քաղաքի Դարաքենդ (Ձորագյուղ) կոչված թաղամասում էին, Հրազդանի ափին, կրպակների տեսքով, որոնց թիվը հասնում էր 32-ի։ Տեղական մորթիներից և կաշիներից բացի այստեղ վերամշակվում էին նաև Բայազետից և Մակուից բերվող հազարավոր կաշիներ։
Քաղաքում կաշեգործության զարգացման համար նպաստավոր պայմաններ կային. Հրազդան գետն իր առատ, մաքուր և սառը ջրով, կլիմայական բարենպաստ պայմանները, բարձրորակ հումքի առկայությունը և արտադրանքն արտահանելու հնարավորությունները։
Պարսկական տիրապետության շրջանում Երևանում կաշվի մշակումը հարկվում էր։ Ապրանքն առանց կապալառուի դրոշմի արգելվում էր վաճառել։ Դրոշմ դնելու համար կապալառուն յուրաքանչյուր ոչխարի մորթու համար վերցնում էր 2 կոպեկ արծաթ, իսկ յուրաքանչյուր գոմշի կաշվի համար՝ 4 կոպեկ արծաթ։
1890-ական թվականներին կաշեգործական արհեստանոցները, որոնց դաբախանա էին անվանում, կլանվում էին նույն տիպի ձեռնարկությունների կողմից։ Դրանք թեպետ խոշոր արհեստանոցներ էին, բայց հիմնական գործը կատարվում էր ձեռքով։ 20-րդ դարի սկզբին Երևանում հիշատակվում են երկու այդպիսի գործարաններ՝ Գաբրիելյանի և Սարգսյանի։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո պետականացվում են նաև այս երկու գործարանները՝ Գաբրիելյանինը վերասարքավորվելով կոչվեց Կաշվի թիվ 1 գործարան, իսկ Սարգսյանինը՝ Կաշվի թիվ 2 գործարան։
Գաբրիելյանի գործարանն իր արտադրանքով մասնակցել է Ռուսաստանում և արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսների և բազում ոսկյա և արծաթյա մեդալներ է նվաճել։

Հեղինակ` Աշխեն Հարությունյան
Երևանի պատմության թանգարանի աշխատակից