ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Չորսուկեսամյա Անգելինայի՝ տարածաշրջանում սրտի եզակի վիրահատությունը հաջող է անցել

09.03.2020

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում չորսուկեսամյա Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում, գիշերը բարեհաջող ավարտվեց:
Փոքրիկ Անգելինայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչնեի լայնացում, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։ Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր ։
«Դա եզակի վիրահատություն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, նմանատիպ վիրահատություն չէր իրականացվել: Ցավոք սրտի, այս հիվանդությունը բավականին տարածված է և հիվանդների մեծ մասը մահանում է: Դա կամուրջ է մինչև սրտի փոխպատվաստմանը հասնելը, և այն, որ սկսեցինք սարքի տեղադրումը Հայաստանում, կարծում եմ, կբերի այն բանին, որ տարածաշրջանում մենք կփորձենք իրականացնել նաև Նորք-Մարաշում, քանի որ փորձը հաջողված է, և այն թիմը, որը Եվրոպայից էր եկել, պատրաստ է միշտ աջակցել մեզ: Հույսով եմ, որ այդ հիվանդները մի օր կհասնեն Հայաստանում նաև սրտի փոխպատվաստում իրականացնելու, որը բոլորիս երազանքն է»,- նշում է «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը:
Երկարատև վիրահատությունը բարեհաջող ավարտվեց բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժներ Հրայր Հովագիմիանի, Գագիկ Հեբոյանի և վիրաբուժական մեծ թիմի շնորհիվ։
Երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարի 70%-ը՝ մոտ $70,000 հավաքվեց մոտ երկու օրում, մնացած $30,000-ը հատկացվեց պետական բյուջեից:
«Գումարը շատ մեծ էր, և որոշեցինք դրամահավաքային արշավ նախաձեռնել: Մեզ հաջողվեց հանրությանը լսելի դարձնել խնդիրը, բացատրել, թե դա ինչ մեծ նշանակություն ունի ոչ միայն փոքրիկի համար, այլև Հայաստանի, քանի որ պարզվեց՝ շատ մարդիկ են այս նույն հիվանդությամբ տառապում, և այս գիտելիքը, որ Հայաստանն այսօր ստացավ, շատ մեծ նշանակություն ունի ապագայում նմանատիպ հիվանդությունների բուժման համար: Սա կարևոր գիտելիք էր, որ Հայաստանն ստացավ»,- ասում է ձեռնարկատեր Վահան Քերոբյանը:
«Սա ոչ միայն Նորք-Մարաշի կատարածն էր, սա մի ազգային քայլ էր, որի մեջ ընդգրկվեց ողջ բնակչությունը՝ իր նվիրատվություններով, առողջապահության նախարարությունը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի, քանի որ սարքը բավականին թանկարժեք էր՝ մոտ 100 հազար դոլար: Կառավարությունը նաև աջակցեց, որ սարքը շուտ հասնի Հայաստան»,- նշում է Միքայել Ադամյանը:
Փոքրիկ Անգելինան գտնվում է ինթենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի վիճակը կայուն է:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player