ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Արխիվային Երևան. բացառիկ կադրեր՝ քաղաքի պատմությունից

03.05.2022

«Երևանի մասին ամենահին կինոժապավենը 1923թ. նկարահանված «Մայիսի 1-ը Երևանում»-ն է. սև ու սպիտակ, առանց ձայն»,-պատմում է Հայաստանի ազգային արխիվի ֆոնդապահ Սյուզաննա Գոմցյանը:

 

Հայաստանի ազգային արխիվում պահվում են ավելի քան 400 հազար ֆիլմեր, լուսանկարներ ու ձայնագրություններ: Դրանց զգալի մի մասը Երևանի մասին պատմող ժապավեններն են:


«Վավերագրական կինոնկարները սկսում են 1930-ական թթ. մինչև 60-ականների վերջ: Մեր մասնաճյուղում պահպանվում են մի քանի տասնյակ ավարտուն վավերագրական կինոնկարներ, 100-ից ավել էլ կինոքրոնիկաներն են: Այդ ֆիլմերը քաղաքի պատմության վերաբերյալ կարևոր սկզբնաղբյուր են: Երբ մարդը իր աչքով տեսնում է պատմությունը, ակամա դառնում է այդ ամենի ժամանակակիցն ու կրողը»,-ասում է ՀՀ ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի վարիչ Ավագ Հարությունյանը:


1930-ականներին Երևանում մեծածավալ շինարարություն էր: Քաղաքի զարգացմանը զուգահեռ աշխատում էին կինոխցիկները: Այդպես ծնվեցին «Երևանի կառուցում»-ը, «Երևանի շինարարություն»-ը ֆիլմերը:


Խորհրդային տարիների կինոքրոնիկայում Երևանը նաև իր առօրյայով է՝ ժամանակի իր ռիթմով, մարդկանցով ու իրադարձություններով:


«Այդտեղ հատկապես արժեքավոր են էրեբունի-Երևան 2750-ամյակի տոնակատարությունների միջոցառումները: Մեզ մոտ պահպանվում են էդգար Հովհաննիսյանի երգի առաջին կատարման կադրերը, որտեղ ելույթ է ունեցել 2750 փոքրիկների երգչախումբը»,-ընդգծում է Ավագ Հարությունյանը:


Ազգային արխիվում են պահպանվում ոչ միայն փաստավավերագրական, այլև հայկական գեղարվեստական կինոյի գերակշիռ մասի օրիգինալ ժապավենները:


Քաղաքի պատմությունն ամփոփված է նաև փայտե դարակաշարերում խնամքով պահվող Երևանի մի քանի հազար ֆոտոփաստաթղթերում: Մեկ կադրով արխիվացված է քաղաքի պատմությունն ու կարևոր ակնթարթները՝ ճարտարապետությունից մինչև հայտնի ու անհայտ դեմքեր:
Հսկայական այս ժառանգությունը պահպանելու համար ամենօրյա աշխատանք է տարվում:


«Տարին, կամ երկու տարին մեկ անգամ բոլոր ժապավենները պետք է վերափաթաթվեն: Թավշյա հատուկ կտորով զուգահեռաբար մաքրվում է ժապավենը»,-ասում է Սյուզաննա Գոմցյանը:


Արդեն 10 տարի է, ինչպես ֆոտո և ֆոնո, այնպես էլ կինոփաստաթղթերը թվայնացվում են: Դրանք ոչ միայն արխիվի, այլև մեր երկրի պատմության ու մշակութային ժառանգության կարևոր հատվածն են:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x