ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Աստված մեզ նվեր է տվել Մանսուրյանին և նրա միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը». Գյումրիում ամփոփվել է «Մանսուրյան-80» համերգաշարը

14.09.2019

Ստեփանակերտ, Երևան, Գյումրի. «Մանսուրյան-80» համերգաշարի աշխարհագրությունը մեծ էր, հոբելյանական միջոցառումները՝ սպասված: 

Գյումրու Սև բերդ ամրոցում կայացած համերգով ամփոփվել է մանսուրյանական տարին: Հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, բազմաթիվ գյումրեցիներ ու քաղաքի հյուրեր:
«Տարվա սկզբին, երբ մտերմիկ ընթրիքի ժամանակ մաեստրոյի հետ նստած էինք և ծնվեց այս գաղափարը, այդ ժամանակ դժվար էր պատկերացնելը, թե ինչ ճանապարհ ենք անցնելու, որովհետև և՛ գաղափարը, և դրա իրականացումը պետք է լիներ այնպիսի բարձր մակարդակի, որ իսկապես արժանի լիներ մեր մաեստրոյին: Աստված իր երաժշտությունը նվիրում է մեզ հիանալի կոմպոզիտորների միջոցով: Աստված մեզ նվեր է տվել մաեստրո Մանսուրյանին և իր միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը: Մաեստրո, շնորհավորում եմ, խոնարհվում եմ Ձեր առջև և շնորհակալ եմ, որ Դուք կաք»,- նշել է քաղաքապետը:
Հայաստանի մշակութային մայրաքաղաքում ևս հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը. հարազատ հնչյուններ ու ֆիլմեր, որոնց մեծ մասը նոտագրվել ու ծնունդ են առել հենց Գյումրիում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ է մատուցել ունկնդրին: Ի դեպ, համերգաշարն առիթ է դարձել, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն մաեստրոյի կինոգործերը։
80-ամյակի առթիվ անցկացվող համերգաշարը մանսուրյանական տարվա ընթացքում ունկնդրին տեղափոխեց Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ համերգաշարը կազմակերպող ողջ թիմը, աշխատանքից ու պարտականությունից բացի, հենց առաջին իսկ օրից յուրօրինակ տրամադրությամբ ու պատասխանատվությամբ լծվեց նախագիծը լիարժեքորեն կյանքի կոչելու գործին:
«Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

x

Alternative content

Get Adobe Flash player