Բարեկարգվում է Մ. Սարյանի անվան պուրակը

27.07.2020

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը սիրողական արվեստը գնահատող երևանցիների նախընտրած վայրերից է: Ինքնատիպ այգին, սակայն, ֆիզիկապես մաշվել ու զրկվել էր երբեմնի հմայքից:

Հիմա պուրակն ամբողջությամբ բարեկարգվում և կանաչապատվում է: Առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել էր «Ակտիվ քաղաքացի» հարթակով: Հաղթող նախագծի հեղինակը Սասուն Մկրտչյանն է:
«Քաղաքում շրջելիս նկատել էի, որ տարածքն անմխիթար է: Պատկերացնում եմ մի տարածք, ուր մարդիկ ընտանիքներով կանցկացնեն իրենց ժամանցն ու կհայտնվեն սարյանական գույների մեջ»,-ասում է Սասուն Մկրտչյանը:
«Նախագծային առաջարկները քննարկելու ժամանակ հասկացանք, որ կպահանջվեն ավելի շատ ֆինանսական միջոցներ, քան նախատեսված էր «Ակտիվ քաղաքացի» հարթակի համար: Մրցութային գործընթացի վերջում մոտ 88 մլն դրամ կկազմեն աշխատանքները», - ընդգծում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Բարեկարգումն արդեն մեկնարկել է: Նախ նորոգվում են ճեմուղիները: Սարյանի արձանին նայող երկու հատվածներում կտեղադրվեն բազալտե նստարաններ:
Բարեկարգման աշխատանքների ընթացքում կվերակագնվի ու կթարմացվի տարածքի կանաչ գոտին, կանցկացվի ոռոգման նոր համակարգ, կտնկվեն նոր ծառեր, թփեր ու ծաղիկներ, որոնք կընդգծեն տարածքի նշանակությունը:
Պուրակը կունենա նաև լուսավորության նոր ու էներգախնայող համակարգ:
«Երկու-երեք ամսվա ընթացքում բարեկարգումը կավարտվի: Սա նաև յուրօրինակ նվեր է քաղաքին՝ Սարյանի 140 ամյակի առիթով»,-նշում է Հրաչյա Սարգսյանը:
Վերանորոգումից հետո Սարյանի այգին կմնա սարյանական գույների և կտավների խորհրդապատկեր, բայց արդեն՝ բարեկարգ միջավայրով:

Տեսանյութ

Բարեկարգվում է Մ. Սարյանի անվան պուրակը