Ձմեռը՝ Կենդանաբանական այգում

22.02.2021

Տարվա ամենացուրտ եղանակին ոչ արջերը, ոչ էլ անգամ աֆրիկյան կենդանիները ձմեռանոց չեն շտապում: Երևանի կենդանաբանական այգին բաց է տարվա բոլոր եղանակներին:

 

Այգում ապրում է շուրջ 170 տեսակի տարբեր կենդանի: Ձմռանը յուրաքանչյուրն ունի իր պահանջներն ու առանձին խնամքը: Տաք եղանակի սովոր կենդանիների համար կացարանները պարտադիր կերպով ջեռուցվում են:

 

Կենդանիների այս մեծ ընտանիքում ապրում են նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներ:

 

Տարվա ընթացքում այգին ունենում է հազարավոր այցելուներ. նույնիսկ համավարակի պայմաններում 2020թ. շուրջ 120 հազար մարդ այցելեց կենդանաբանական: Ձմռան ամիսներին վայրի բնությունում հանդիպող կենդանիներին ազատավանդակներում տեսնելու հնարավորությունը բաց չեն թողնում հիմնականում օտարերկրացիները:

 

«Վերջերս այցելուների համար բացեցինք նոր ցուցասրահ՝ մեր փղի ձմեռային հատվածից: Այդպես մենք ավելի հարմարավետ և հաճելի դարձրեցինք այգին: Քննարկում ենք նաև նոր ծրագրեր»,-ասում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը:

 

Նոր ազատավանդակներ, ավելի ընդարձակ տարածքներ, նոր կենդանատեսակներ: Այգու աշխատակազմի ծրագրերը շատ են: Առաջիկայում մտադիր են երեխաների և բնության կապն ամրապնդել, ձևավորվել բնության նկատմամբ նոր վերաբերմունք:

 

«Մենք այժմ աշխատում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Բացի այդ, ունենք կրթական մի հետաքրքիր գաղափար. աշակերտները դպրոցում անցնում են «Բնություն» առարկան, որը կարելի է բաց դասի ձևով կազմակերպել Կենդանաբանական այգում» ,-նշում է Վլադիմիր Սիմոնյանը:

 

Կենդանաբանական այգին իր այցելուներին սպասում է ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ը, իսկ այգում շրջելու հնարավորություն կա մինչև ժամը 19-ը:

Տեսանյութ

Ձմեռը՝ Կենդանաբանական այգում