«Երևանը՝ քո գրպանում» ուղեցույցն այսուհետ հասանելի է նաև ռուսերենով

12.11.2021

Երևանի քաղաքապետարանը հրատարակել է «Երևանը` քո գրպանում» ուղեցույցի ռուսերեն տարբերակը: Այն կազմվել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ:

 

Շնորհանդեսին, հակիրճ ներկայացնելով զբոաշրջային գրքույկը, նշվել է, որ այն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների, հյուրանոցների, ժամանցի վայրերի, դեսպանատների և հյուպատոսարանների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների և այլ տեսարժան վայրերի մասին հարուստ տեղեկատվություն է տալիս:


Ուղեգրքում ներկայացված են նաև քարտեզներ, հեռախոսահամարներ, կայքեր, իսկ մի քանի բաժիններ ներկայացված են նաև QR կոդերով:


«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունից Երևան զբոսաշրջիկների նկատելի աճն ու հետաքրքրությունը՝ քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը նախաձեռնել է ռուսերենով ուղեցույցի հրատարակումը: Կարծում ենք, որ այն կդառնա անփոխարինելի օգնական ռուսախոս զբոսաշրջիկների համար»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:


«Խորհրդային միության անդամ բոլոր երկրներում շփման ընդհանուր լեզուն ռուսերենն էր: Հետևաբար, այս ուղեցույցը կարևոր է ոչ միայն ռուսաստանցի զբոսաշրջիկների, այլև ավելի մեծ շրջանակների համար»,-իր հերթին նկատել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:


Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է, որ ուղեցույցները բաժանվում են զբոսաշրջային ընկերություններին, հյուրանոցներին: Դրանք հնարավոր է գտնել ու ձեռք բերել նաև մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում:

Տեսանյութ

«Երևանը՝ քո գրպանում» ուղեցույցն այսուհետ հասանելի է նաև ռուսերենով
Տեսնել ավելին