ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի 2800-ամյակի այգին բացվել է

10.05.2019

Վերակառուցումից հետո մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին: Հանգստի գոտու հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնց ֆինանսավորմամբ էլ վերակառուցվել է այգին։ Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։ Պաշտոնատար անձինք Կարեն և Միքայել Վարդանյանների ուղեկցությամբ շրջել են այգում, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու քաղաքացիների հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: 

Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել Վարդանյան ընտանիքին` Երևանին նման հրաշալի նվեր մատուցելու համար:
«Այգին իրական նվեր է, որովհետև այսօր շատերը գալիս են և ասում են` մենք ուզում ենք Երևանի համար մի բան անել, տվեք այս հատվածը կանաչապատենք, այս հատվածում էլ մեծ ռեստորան կառուցենք: Հարգելիներս, եթե ցանկանում եք նվեր անել Երևանին, ուղղակի այգի հիմնեք կամ եղած այգին վերակառուցեք ու էլ ոչ մի բան հարկավոր չէ: Սա՛ է նվերը քաղաքին: Վարդանյանների ընտանիքը ցույց տվեց նվերի փայլուն օրինակ Երևանին: Եվ, բացի նրանից, որ այս ամենը կազմակերպել են, Վարդանյան ընտանիքը 99 տարով իր վրա է վերցրել նաև այգու պահպանումը: Հուսով եմ, որ մեր մյուս գործարարները ևս, ովքեր իրապես սիրում են Երևանը, նույնպես այս ճանապարհով կգնան»,- նշել է քաղաքապետը:

 

Այգու մասին

 

Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ:
Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:
Երևանի 2800-ամյակի այգին Երևան համայնքի սեփականությունն է, այգու տարածքում արգելվում է ձեռնարկատիրական որևէ գործունեություն:

x

Alternative content

Get Adobe Flash player