Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղերձը՝ Երևանի օրվա առիթով

08.10.2022

Ողջույն, մեր հարազատ Երևանին ջերմություն, սեր, ուրույն շունչ և իմաստ հաղորդող սիրելի՛ երևանցիներ:

Այսօր լրանում է մեր բոլորի սիրելի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804-ամյակը:

Առանձնահատուկ կերպով արժևորում եմ այն փաստը, որ մեր քաղաքը համախմբում է մեր երկրի մշակույթի, գիտության լավագույն գործիչներին, տաղանդավոր մարզիկներին, խոստումնալից երիտասարդներին և մեր բոլոր ազնիվ քաղաքացիներին:

Մեր մայրաքաղաքն իր զարգացման ճանապարհորդությունը սկսել է ծանր, բայց վստահ քայլերով՝ հանդիպելով գովեստի, դրվատանքի, երբեմն նաև թյուրըմբռնման և խիստ քննադատության, բայց և այնպես, լսելով և կիսելով ձեր՝ որպես քաղաքացու մտահոգությունները, մենք փորձում ենք զարգանալ ժամանակի և տարածության մեջ՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ինքնությունը, պատմությունն ու մշակույթը, ապրելու և զարգանալու մեր կամքն ու տեսլականը:

Հետադարձ հայացք նետելով անցյալին, սթափ գնահատելով և արժևորելով մեր երկրի դժվարին և բարդ ներկան, ջանադրաբար լծվելով ապագային միտված մեր երկրի և ժողովրդի նպատակների և իղձերի իրականացման ծանր գործընթացներին՝ կարող ենք համարձակ հայտարարել, որ բոլորիս նպատակը մեկն է՝ երբեք չդադարել մտածել անկախության և պետականության մասին, երբեք', երբեք ու երբեք' չդադարել գործել, պայքարել ու մաքառել հանուն Հայաստանի, հանուն Հայաստանի ազատության ու սրբազան անկախ պետականության համար։ Այս համատեքստում ուրբանիզացիան պետք է լինի հիմնավոր, իսկ զարգացման տեսլականը՝ կառուցողական:

Մեր քաղաքի զարգացումը հետապնդում է ազատ մրցակցության պայմաններում զորանալու և հաղթելու նպատակ, բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է համախմբել տարբեր «Ես»-երը մի տեղում, որը կկոչվի ՄԵՆՔ հավաքական մեկ միավոր, և միասնական ներուժի և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի փոխել իրողությունը՝ դարձնելով մեր քաղաքի ապագան ավելի գունեղ և հեռանկարային:

Այս տարիների ընթացքում գերակա եմ համարել քաղաքացուն, քաղաքի զարգացմանն ուղղված ամեն ջանք և մանրուք: Որքան էլ հիասթափված խոսենք քաղաքային խնդիրներից, անհերքելի են այն բարեփոխումները, որոնք արվել են և շարունակվում են իրագործվել։ Որքան էլ խոսենք մշակութային կյանքին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտության մասին, կասեմ, որ, այո', փորձում ենք այն մատուցել ձեզ յուրովի՝ ազգային հոգևոր ակունքներից չկտրված, համաշխարհային մշակութային զարգացումների ուղեծրում։

Մենք կառուցում և վերականգնում ենք մայրաքաղաքի մոռացված և լքված կանաչապատ պուրակները, այգիները և խաղահրապարակները՝ հետևելով այս իմաստությանը․ վերագտնելով հինը՝ ստեղծում ենք նորը:

Պետությունն այսօր կարևորում է գիտելիքահենք հասարակության զարգացումը, հետևաբար մենք չունենք հզորանալու և զարգանալու այլընտրանք, բացի կրթվելուց և ինքնակրթվելուց, իսկ այդ ուղին սկսվում է հենց մանկապարտեզից և տանում դեպի դպրոց, գրադարաններ և մշակութային կրթօջախներ։ Մշտապես տարվող վերանորոգման և կառուցման աշխատանքներին զուգընթաց մենք կարևորում ենք նաև կրթության որակն ու արդիականությունը և դրա շուրջ իրականացնում ամենօրյա բազմաբովանդակ աշխատանքներ:

Մենք սկսել ենք արդիականացնել տրանսպորտային համակարգը և դեռ մեծ եռանդով շարունակում ենք այն հասցնել իր հնարավոր լավագույն վիճակին:

Մոտ օրերս կմեկնարկի կենտրոնացված երթևեկության կառավարման թվային կենտրոնի կառուցման աշխատանքը, որը հնարավորություն կտա ժամանակակից թվային լուծումների արդյունքում ապահովել որակյալ մատուցվող տրանսպորտային ծառայություն:

Տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղերձը՝ Երևանի օրվա առիթով