Երևանի քաղաքապետարանում ներդրվում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ

09.04.2021

Երևանի քաղաքապետարանը սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակում մեկնարկել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացները: Նպատակն է բարձրացնել ոլորտի աշխատակիցների մասնագիտական հմտություններն ու նպաստել «Սոցիալական աշխատող» ինստիտուտի զարգացմանը:

 

Դասընթացներին կմասնակցի վարչական շրջանների շուրջ 60 աշխատակից: Արդյունքում նրանք կստանան սոցիալական աշխատանքի վերաբերյալ նոր գիտելիքներ, կզարգացնեն մասնագիտական կարողությունները: Ուսուցման ավարտին քննությունները հաջողությամբ հանձնողներին տրվելու է համապատասխան վկայական:


«2019թ. Երևանի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ արվեցին: 2020-ի լարված պայմաններում աշխատանքը ցույց տվեց, որ մենք առաջ ենք ընթանում ճիշտ ճանապարհով: Հաջորդ քայլը մասնագիտական կարողությունների զարգացումն է, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ և նպատակային կազմակերպենք: Ծրագիրը լինելու է շարունակական»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:


«Երևանում սոցիալական պաշտպանության նոր համակարգի հիմք դրվեց, հիմնվեց երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը: Այժմ մեկնարկում է համակարգի ներդրման երկրորդ փուլը: Նախատեսում ենք վարչական շրջաններում սոցիալական աշխատողի 60 հաստիք ունենալ: Հենց այդ հաստիքների համար այսօր իրականացվում է հատուկ ուսուցման դասընթաց»,-ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:


Դասընթացների արդյունքում սոցիալական պաշտպանության ոլորտում կաշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք սոցիալական աջակցության կարիք ունեցող մայրաքաղաքի բնակիչներին կտրամադրեն որակյալ ծառայություններ:


Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության և կառավարման գրասենյակի, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:


«Սոցիալական աշխատողի ինստիտուտը չափազանց կարևոր է: Վերջին տարիներին աշխարհում փորձը ցույց է տվել, որ հենց այդ մարդկանց աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել լուծել բազմաթիվ ընտանիքների խնդիրներ: Երևանում սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ու կայացման գործում պետք է հատուկ ընդգծեմ քաղաքապետարանի դերը»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարության և կառավարման բաժնի տնօրեն Ադամ Ստեֆանը:

 

Տեսանյութ

Երևանի քաղաքապետարանում ներդրվում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ
Տեսնել ավելին