Երևանի պատմական 4 ջրանցքներից մեր օրերում մասամբ պահպանվել են երկուսը՝ Դալմայի և Ումեշինի

16.05.2022

Պատմական Իլդարունի՝ այժմյան Հրազդան գետի աջ ափի ժայռերի վրա երեք հազարամյակ առաջ անցկացվեց Երևանի առաջին ջրանցքներից մեկը (Դալմայի ջրանցք):
«Հազարամյակներ առաջ Հրազդան գետի մոտ ջրանցք են կառուցել, և անապատային, անջրդի տարածքը դարձրել անտառ, ինչն արդեն ապրելու հնարավորություն է տվել»,- ասում է «Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը:
Ջրանցքի երկարությունը մոտ 6.5 կմ է: Ջուրն արագ ու անկորուստ այգիներ հասցնելու համար ուրարտացիները կառուցել են ժայռափոր երկու թունել: Տարիների ընթացքում ջրանցքը մի քանի անգամ նորոգվել է: Ուրարտական հետքը դեռևս մնացել է թունելի մի հատվածում:
«Շատ հետաքրքիր ինժեներային կառույցներ են: Ուրարտացի վարպետները կարողացել են հաշվել և սկզբի կետը, և վերջի կետը: Որպեսզի մեծ ժայռային մասերի հետ գործ չունենան, ընտրել են այն հատվածները, որտեղ ճեղքերը բաժանվում են փոքր բլոկների: Մի հատվածը հանել են, հետո՝ աստիճանաբար մյուսները: Այստեղ ժայռափոր գործիքներ չեն եղել, լինգերով հանգիստ անջատել են»,-նշում է «Անձավագիտական կենտրոն» ՀԿ անդամ Սմբատ Դավթյանը:
«Մեր օրերում Դալմայի տարածքում պատմական ջրանցքի հետքերը ոչնչացված են: Ջրանցքի ելքը, որը գտնվում է Դալմայի այգիների տարածքում, հիմա կառուցապատման տարածքում է: Այն այլևս որպես ջրանցք չի շարունակվելու, ջուրը կհոսի խողովակով: Մի ցավալի խնդիր էլ կա, որ կոյուղաջրեր են թափվում, աղբ է թափվում: Մինչդեռ սա շատ կարևոր օբյեկտ կարող է լինել հանգստի կազմակերպման առումով»,-ընդգծում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը:
Տարվա ընթացքում ջրանցքը պարբերաբար մարքվում է, բայց պատմամշակութային բացառիկ կոթողը հատուկ ուշադրության ու խնամքի է կարոտ: Ջրանցքի մի քանի մետր հատվածն անցնում է Թումանյանի անվան զբոսայգու տարածքով, բայց այդ մասին գիտեն քչերը: Տեղադրված ցուցանակն էլ անհետացել է:
Երևանյան լճից է սկիզբ առնում մ.թ.ա. 7-րդ դարում կառուցված Ումեշինի ջրանցքը: Այն ոռոգման ջուր է հասցնում Վաղարշապատ և հարակից գյուղեր:
«Ջրանցքը սկիզբ է առել Իլդարունի՝ Հրազդան գետից և ոռոգել Զվարթնոցի դաշտերը: Երևանյան լիճը կառուցելուց հետո ջրանցքի այդ հատվածը վերակառուցվել է և մոտ 1 կմ կարճացել»,-նկատում է Սմբատ Դավթյանը:
Ումեշինին միակ ջրանցքն է, որն ունի ծննդյան քարե վկայական: Այն գտնվել է 1893 թվականին՝ Զվարթնոցի պեղումների ժամանակ:
«Երբ սկսեցին այս տարածքում պեղումները, ամենաառաջինը հայտնաբերվեց սեպագիր արձանագրությունը, որը ժառանգել ենք Ուրարտուի թագավոր Ռուսա 2-րդից: Ռուսան գրել է, որ հորից ժառանգել է մի պետություն, որը թուլացել է պատերազմներից, բայց մտադիր է հզորացնել: Նաև գրել է ջրանցքների անցկացման մասին, գրել, որ այդ ջրանցքի շնորհիվ այս ամբողջ ամայի տարածքը ոռոգվել է, այգիներ են հիմնել, ամրոցներ կառուցել»,- պատմում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի էքսկուրսավար Մարինե Մալխասյանը:
Երևանի տարածքով ժամանակին անցնում էր 4 ջրանցք՝ Դալմայի, Ումեշինի, Աբուհայաթի, Մամրի։ Վերջին երկուսը, ցավոք, քաղաքի կառուցապատման ընթացքում մեծամասամբ ավերվել են և չեն գործում: Մամրի ջրանցքի մի փոքր հատվածը դեռ հնարավոր է փրկել՝ ազատելով շինաղբից:
Երևանի ջրանցքները քաղաքի ու մեր պատմության երակներն են, որոնք պետք է ոչ միայն պահպանել, այլև հանրահռչակել՝ որպես հայկական ու համաշխարհային պատմամշակութային ժառանգություն:

Տեսանյութ

Երևանի պատմական 4 ջրանցքներից մեր օրերում մասամբ պահպանվել են երկուսը՝ Դալմայի և Ումեշինի