Երևանն ու Փարիզը կընդլայնեն համագործակցության ծրագրերի շրջանակը

08.10.2016

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Փարիզի գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի համար առանձնակի կարևորվում է Երևանի և Փարիզի միջև առկա բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնումը:
«Անցած ավելի քան երկու տասնամյակներին հայ-ֆրանսիական միջպետական կապերը բոլոր մակարդակներում նշանավորվել են վերընթաց զարգացումով, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ լինի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ապակենտրոնացված համագործակցություն, թե տնտեսական, մշակութային, կրթական կամ այլ բնագավառներ: Եվ իմ խորին համոզմամբ դրան մեծապես նպաստել է նաև հանգամանքը, որ դեռ 20-րդ դարասկզբին Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որ ընդունեց Մեծ եղեռնից մազապուրծ մեր հազարավոր հայրենակիցներին` նրանց համար դառնալով երկրորդ հայրենիք։ Շնորհակալություն Ձեզ, տիկին քաղաքապետ, հայերի նկատմամբ Ձեր մշտական ուշադրության համար: Նաև շնորհակալ եմ, որ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեցող տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի այցի շրջանակներում Դուք ևս այցելեցիք Երևան ու մեզ հետ միասին հարգեցիք 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Կուզենայի նաև ընդգծել, որ Հայաստանում առանձնահատուկ բարձր են գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այդ համատեքստում իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Երևան-Փարիզ համագործակցության շրջանակներում Փարիզի քաղաքապետարանում «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրության կազմակերպմանն աջակցելու համար: Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը: Ու վստահաբար նաև այդ արժեքները կրելու շնորհիվ է, որ Փարիզն այսօր հաջողությամբ դիմակայում է իր առջև ծառացած մարտահրավերներին: Ահաբեկչության այն ծանր օրերին, որ ցնցել էին քաղաքակիրթ ողջ աշխարհը, փարիզեցիների ցավն ու վրդովմունքը լիարժեք կիսեցին նաև երևանցիները՝ զորակցություն հայտնելով ու խորին հարգանք տածելով այն տոկունության նկատմամբ, որով հաղթահարվում էր այդ ամենը: Տիկին քաղաքապետ, ես համոզված եմ, որ հաջողությամբ դիմակայելով ցանկացած մարտահրավերի՝ Փարիզը մշտական զարգացում կապրի, և այս համատեքստում մեծ հեռանկարներ եմ տեսնում երկկողմ մեր համագործակցության համար՝ կարևորելով բազմակողմ և եվրոպական ծրագրերի շրջանակներում համագործակցությունը,- ընդգծել է քաղաքապետը:

Առանձնակի կարևորելով Երևանի՝ ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի անդամ լինելու հանգամանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այն ևս մեկ հարթակ է՝ ֆրանսիական քաղաքների հետ նոր կապեր հաստատելու համար:

«Մեծ կարևորություն եմ տալիս նաև Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի շրջանակներում մեր համագործակցությանը: Վերջերս Բեյրութում կայացած 36-րդ գագաթաժողովի ընթացքում կարևոր հարցեր արծարծվեցին: Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք լուծումներ տալ այդ հարցերին: Լինելով ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի անդամ՝ Երևանը միշտ մեծ շուքով է նշում Ֆրանկոֆոնիայի օրերը: Հարյուրից ավելի ամենատարբեր միջոցառումներ են անցկացվում կրթական ու մշակութային հաստատություններում: Ցանկանում եմ վերստին նշել, որ այս օրերին ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանում: Ուրախ եմ, որ մեզ հետ միասին այսօր մասնակցելու եք մեր հինավուրց մայրաքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումներին: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհանդիսանա մեր երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների համար՝ ի շահ մեր քաղաքների ու մեր համաքաղաքացիների բարօրության»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ իր ելույթում շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերի համար և ընդգծելով ֆրանս-հայկական կապերի ներկայիս բարձր մակարդակը՝ նկատել է, որ այդ գործում անչափ կարևոր է նաև ֆրանսիայի հայ համայնքի դերը: Անն Իդալգոն առանձնակի կարևորել է նաև Երևանի անդամակցությունը ֆրանկոֆոն քաղաքապետերի համաշխարհային ասոցացիային՝ նկատելով, որ այն ևս իր կարևոր դերակատարումն ունի երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդման հարցում:

«Երևանն ու, ընդհանրապես, ողջ Հայաստանը, ֆրանսախոս մեծ համայնքի մասն են կազմում: Սա, անշուշտ, միայն ֆրանսերեն խոսելով չէ, որ պետք է արտահայտվի: Այն նախ և առաջ միևնույն մշակույթը, հումանիստական, մարդասիրական արժեքները կիսելու առաքելություն է: Շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ Ձեր գործուն մասնակցությունն եք ունենում ֆրանկոֆոն քաղաքապետների համաշխարհային ասոցացիային, որի նախագահն այսօր ես եմ: Ֆրանկոֆոն քաղաքապետների այդ մեծ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իր քաղաքում կոնկրետ գործառույթներ է իրականացնում: Եվ այսօր կարող եմ նաև փաստել, որ Երևանի և Փարիզի միջև առկա սերտ համագործակցության հիմքում մեր ընդհանուր համոզմունքն է, որ անհրաժեշտ է բոլոր ուղղություններով մշտապես խթանել զարգացումը՝ այդպիսով նաև հնարավորություն ընձեռելով նոր սերնդին ավելի հաստատակամ ու վստահ նայել ապագային: Կցանկանայի առանձնակի կարևորել ու ողջունել մասնավորապես կրթական ծրագրերի խթանման հարցերում Ձեր հետևողական մոտեցումները, պարոն քաղաքապետ, ինչն ամենախոսուն վկայությունն է, որ Դուք ևս այն գաղափարի կրողն ու ջատագովն եք, որ երիտասարդությանը, ապագա սերնդին անհրաժեշտ է ոգևորել ու տալ թևեր, որ նրանք կարողանան ապահովել մեր ընդհանուր լուսավոր ապագան: Կրթությունը, նոր տեխնոլոգիաները, արհեստագործությունն այն ուղղություններ են, որոնց շուրջ մենք կարող ենք փոխշահավետ համագործակցություն ծավալել», - նշել է Փարիզի քաղաքապետը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի տոնի առթիվ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նկատել է, որ Երևանի օրվա տոնակատարությունն իր հերթին կլինի ներշնչանքի լրացուցիչ աղբյուր՝ երկու մայրաքաղաքների համագործակցությունն էլ ավելի սերտացնելու համար:
«Թույլ տվեք մեկ անգամ ևս Ձեզ շնորհակալություն հայտնել այն ջերմության համար, որով հյուրընկալեցիք մեզ Երևանում: Մեզ համար իսկապես մեծ պատիվ է Ձեզ հետ միասին նշել Երևանի տոնը: Անչափ երջանիկ եմ, որ այդ իրադարձությունները կիսելու եմ Ձեր և երևանցիների հետ մեկտեղ և համոզված եմ, որ այս պահերը կլինեն ներշնչանքի աղբյուր մեր համագործակցությունն էլ ավելի սերտացնելու համար: Կեցցե՛ Երևանը: Կեցցե՛ Փարիզը և կեցցե՛ ֆրանս- հայկական բարեկամությունը», - նշել է Փարիզի քաղաքապետը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ