Երևանում վերաբացվել է «Հայաստան» կինոթատրոնը

01.06.2015

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պաշտոնատար այլ անձանց հետ ներկա է գտնվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը:

Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են 2013 թվականից կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և կատարված ներդրումների արդյունքում ստեղծված ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնի հնարավորություններին:
Միջազգային չափորոշիչներին համապատասխան կենտրոնում գործելու են նաև խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն, սննդի կետեր, սրճարաններ: Պատասխանատուների հավաստմամբ` նախատեսվում է, որ 2-3 ամսից տեղում կգործի երաժշտական ժամանցի կենտրոնը: Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից այգու մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել են շուրջ 500 տարբեր ծառատեսակներ, նոր դիզայնով հիմնովին կառուցվել է այգու և շենքի լուսային ձևավորումը, վերանորոգվել են շատրվանները:
Կենտրոնում կիրականացվեն նաև բարեգործական ծրագրեր, կկազմակերպվեն երիտասարդ կինոգործիչների, կինոյի տեխնիկական մասնագետների ուսումնական դասընթացներ: Կինոթատրոնն այս տարի իր դռներն է բացելու նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների համար. ցուցադրվելու են փառատոնի մասնակից ֆիլմեր, հյուրընկալվելու են մասնակից ռեժիսորներն ու դերասանները, կազմակերպվելու են քննարկումներ, կինոդիտումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին