Գործարկվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգը

05.10.2015

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքում է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական ծրագիրը: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս նախատեսված 2797 ընտանիքներից Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային տեխնիկա է ստացել 1590 ընտանիք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 68 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի հետևողական:
4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Նաև զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում տվյալ շենքերի հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ, և միչև տարեվերջ բոլոր երեք շենքերն ամբողջությամբ կհանձնվեն շահագործման:
Զեկուցվել է, որ գործարկվել է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս բացառելու մանկապարտեզներում երեխաների կրկնակի հերթագրման դեպքերը: Առանձնակի կարևորելով համակարգի ներդրումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հընթացս մանրակրկիտ ուսումնասիրել համակարգի աշխատանքն ու քայլեր ձեռնարկել ապագայում այն քաղաքացիների համար ևս հասանելի դարձնելու ուղղությամբ:
«Մեր հաշվարկներով՝ ամեն տարի մոտ 9500 երեխա ավարտում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ու հաճախում է դպրոց: Սա նշանակում է, որ սեպտեմբերին 9500 երեխա էլ ընդունվում է մանկապարտեզ: Մինչ համակարգի ներդրումը այնքան էլ հստակ չէր, թե իրականում որքան է կազմում հերթագրված երեխաների քանակը: Ներկայացվում էին տարբեր ուռճացված թվեր, մինչդեռ այս համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն ունեցանք լիարժեք պատկերացում կազմելու, թե իրականում որքան է կազմում հերթագրված այն երեխաների թիվը, ովքեր արդեն իսկ պետք է հաճախեին մանկապարտեզ: Ըստ այդմ, հերթագրված 3 տարեկանից բարձր երեխաների թիվը շուրջ 2500 է, հետևաբար, խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ 2000-2500 տեղ: Համակարգի ներդրումը, փաստորեն, բացահայտեց նաև հերթագրման թվերի ուռճացման պատճառները, որոնց թվում էր նաև նույն երեխայի կրկնակի, անգամ՝ եռակի հերթագրումը: Բացի այդ, հերթագրվածների մեջ քիչ չէին նաև մինչև մեկ տարեկան երեխաները: Հատկապես այս մասով լուրջ աշխատանք կա կատարելու բոլոր այն ծնողների հետ, ովքեր իրենց 2-3 ամսեկան երեխաներին հերթագրում են մանկապարտեզներում: Պետք է լուծել անհրաժեշտ տեղերի հարցն ու բացատրել ծնողներին, որ երբ լրանա երեխայի մանկապարտեզ հաճախելու տարիքը, նրա համար արդեն իսկ ստեղծված կլինեն բոլոր պայմաններն, ու որևէ խնդիր չի առաջանա: Իսկ ծրագրի կատարելագործման հարցում պետք է լինել ավելի հետևողական, ընթացքում նկատվող բոլոր թերությունները վերացնել, որպեսզի որոշ ժամանակ անց համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռենք նաև մեր քաղաքացիներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին զեկուցվել է, որ այս պահի դրությամբ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանի 13 երկրներից քույր և գործընկեր քաղաքների 28 պատվիրակություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Գործարկվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգը
Տեսնել ավելին